Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլը կարող է պատգամավոր ընտրվել, Խաչատուրը՝ ոչ

Ապրիլ 21,2012 13:30

Բնակության վայրն այն վայրն է, որտեղ քաղաքացին ապրում է մշտապես կամ՝ առավելապես

Կասկած չկա, որ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Խաչատուր Սուքիասյանի գրանցումը մերժել է՝ հիմք ընդունելով ոստիկանության հավելյալ հաղորդում-«նակազը», թե վերջին 5 տարում Խաչատուրը հանրապետությունից բացակայել է ավելի քան 10 ամիս: Այդ որոշումը Խաչատուրը բողոքարկել է, ինչը ՀՀ վարչական դատարանը 5 դատավորի կազմով մերժել է:

ՀՀ վարչական դատարանն ապրիլի 6-ին մեկ ուրիշ որոշմամբ էլ մերժել է վերջին 5 տարում հանրապետությունում մշտապես չբնակվող Թաթուլ Հակոբյանին պատգամավորության թեկնածու գրանցելու թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ պատգամավորության թեկնածու Ս. Հարությունյանի բողոքը:

Նկատենք, որ միեւնույն հիմքի պարագայում Թաթուլը կարող է պատգամավոր դառնալ, իսկ Խաչատուրը՝ ոչ: Ի դեպ, Թաթուլի գործով դատարանի վճիռը նորույթ է՝ գլխի է գցել, որ գրանցման դեմ ոստիկանությունը չի վիճարկում:

Իմ պատկերացմամբ, Խաչատուրի նկատմամբ հանձնաժողովի որոշումը եւ դատական ակտը անհիմն են եւ չեն բխում տվյալ հարաբերությունը կարգավորող նորմի էությունից, ինչը քննարկենք ստորեւ:

Քաղաքացիները համարվում են քաղաքացիական իրավունքի սուբյեկտ եւ ունեն քաղաքացիական իրավունքներ ունենալու եւ պարտավորություններ կրելու ունակություն: Հիշյալ քաղաքացիական իրավունակության բովանդակությանը համահունչ՝ քաղաքացիները կարող են սեփականության իրավունքով գույք ունենալ, ժառանգել եւ կտակել գույքը, զբաղվել ձեռնարկատիրական եւ օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ, ընտրել բնակության վայր եւ այլն: Իմիջիայլոց, քաղաքացիական իրավունքների ծագման, իրացման, պաշտպանման հետ կապված, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցերի լուծման համար կարեւոր նշանակություն ունի բնակության վայրը:

Օրինակ՝ պարտավորությունների կատարման վայրը համարվում է պարտապանի գտնվելու բնակության վայրը, ժառանգության բացման վայր ճանաչվում է ժառանգատուի վերջին բնակության վայրը եւ այլն: Իսկ երբ հիմնական օրենքում ասվում է՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք (64 հոդված) կամ հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր անձ (50 հոդված), ապա սրանք նույնպես փոխկապակցված են բնակության վայր հասկացության հետ եւ հանդիսանում են քաղաքացիական իրավահարաբերությունների առարկա: Բնակության վայրը ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23 հոդվածում, ըստ այդմ՝ «բնակության վայրը այն վայրն է, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է»: Նկատելի է, որ նորմի կազմը մշտապես կամ առավելապես ապրել կատեգորիան է, ըստ այդմ՝ օրենսդրությամբ արգելված չէ քաղաքացու ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ սեփական երկրից մեկնելու եւ վերադառնալու իրավունքը: Հետեւաբար, այդ առիթներով կարճատեւ բացակայությունների հանրագումարը բնակության վայրում քաղաքացու մշտապես կամ առավելապես չբնակվելու չափանիշ ճանաչելը հիմարություն է եւ հակասում է ՀՀ հիմնական օրենքին, ինչպես նաեւ միջազգային դրույթներին:

Աշխատանք ընտրելու ազատությունը, օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, հանգստի, սեփական երկրից մեկնելու եւ վերադառնալու իրավունքը քաղաքացու անօտարելի իրավունքներն են (Սահմանադրության 32 հոդված, 33 հոդված, 33 պրիմ հոդված, 1966թ. նոյեմբերի 16-ի «Քաղաքացիների քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» հռչակագրի 12 հոդվածի 2-րդ մաս): Պետք է նկատել, որ այդ թվաբանությամբ առաջնորդվելու պարագայում Սահմանադրության 50 հոդվածի արգելքով էլ գործող նախագահը 2013թ. չի կարող ընտրվել նախագահ, քանզի վերջին 10 տարում հանգստի, զվարճությունների կամ պաշտոնական այցերի առիթներով հանրապետությունից նրա բացակայությունների հանրագումարը մեկ տարուց ավելի կլինի:

Նաեւ տրամաբանական հարց է ծագում. իսկ ինչո՞ւ նույն թվաբանությունը ԿԸՀ-ն չի տարածում հանրապետությունից հեռացած, արտերկրում բնակության վայր ընտրած եւ տվյալ պետության քաղաքացիությունն ընդունած քաղաքացիների վրա, որոնց ընտրողների ռեգիստրը եւ ընտրողների ցուցակները ճիշտ վարելու եւ կազմելու համար պատասխանատու կոչված կառավարության լիազոր մարմինը խոթել է համապետական ընտրության ցուցակները (արծարծվում է 500-700 հազար քաղաքացի): Այդ քաղաքացիները ՀՀ-ում ընտրելու իրավունք չունեն եւ այդ ռեզերվը ռեալ վտանգ է ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու համար: Հավատա՞նք, որ կփոխեն:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30