

Ռեժիսորն ասում է, որ միշտ կարեւորել է ցեղասպանության թեման ու աշխատանքը վերապրածների եւ նրանց հարազատների հետ, այդ թեմայով էլի ֆիլմեր ունի, ինչպես «Վերադարձ դեպի Արարատը», «Ատում եմ շներին» եւ այլն: Սյուզանն ասում է, որ հայ կանանց ճակատագերով պետք է ցուցադրել ցեղասպանության մյուս երեսը. «Ճակատագրերը շատ կարեւոր են ֆիլմատիկ լեզվին համար: Թեման այժմեական է նաեւ Թուրիքո մեջ, ուր բոլորը Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» գրքից հետո կխոսին իրենց մեծ մոր հայ ըլլալու մասին , բայց մենք մեզ հարց չենք տվել` ինչու մեծ հայրերը հայեր չէին, ու մեծ մայրերն էին միայն հայ»: Սյուզան Խարդալյանի ձեւակերպմամբ, որպեսզի ֆիլմը խոսի մարդկանց, մասնավորապես ոչ հայերի սրտի հետ, պետք է այն «չխեղդել» արխիվային նյութերով, թեպետ այդպիսիք առանձնապես չկան եւ ընդամենը նկարներ են օգտագործված: Հեղինակը նշում է, որ ինքը հավակնություն չի ունեցել պատմական ֆիլմ ստեղծելու եւ ընտրել է այնպիսի ոճ ու լեզու, որը հասկանալի լինի եվրոպացուն ու վերջինս նկարը նայելիս ոչ միայն չփոխի հեռուստացույցի ալիքը, այլեւ չձանձրանա, տարվի ֆիլմով. «ժամանակն է, որ հայկական ցեղասպանության թեման արծարծենք արդիական ձեւերով ու կոնտեքստի մեջ»:

Կարդացեք նաև
«Ինձի համար ամենամեծ իրագործումն էր, որ ֆիլմը մեծ հանրությանը հասնի` Հարավային Աֆրիկեն մինչեւ Ավստալիա, Հնդկաստանեն Նոր Զելանդիա… 100-ավոր նամակներ են ստացվել, որ հրաշալի էր, տպավորված են ֆիլմեն: Օրինակ, Շվեդիո մեջ ամենակարեւոր կանալներեն մեկը` թիվ 4-ը կըսե, թե այս ֆիլմը պետք է դառնա շվեդական սալոններու խոսակցության թեման, այսիքն` ամեն իմաստով հետաքրքրական ռեակցիոններ կան»:
Հեղինակը հավաստիացնում է, որ ամեն ցուցադրությունից հետո ցանկացած երկրում իրեն են մոտենում մարդիկ, որոնք պատմում են դաջվածավոր իրենց հարազատների մասին, որոշներն էլ ագրեսիվ վերաբերմունքի են արժանացնում`դժգոհելով, թե չարժեր այդ թեմայով բարձրաձայնել: Սյուզան Խարդալյանը պատմում է, որ բոլոր այն վերապրածները, որոնց հետ աշխատել է իր ֆիլմերը ստեղծելիս, մեկ-երկու ամիս հետո հեռացել են կյանքից. « Կարծես կսպասեն, որ վկայություն տան, ապա հանգիստ հեռանան»:

Ստամբուլյան կինոփառատոնի ժամանակ «Մեծ մորս դաջվածքները» ջերմ արձագանքների է հանդիպել, նաեւ սպառնալիքների թուրք եւ ադրբեջանցի ազգայնականների կողմից: Օրինակ մեկը ցուցադրությունից հետո ռեժիսորի բջջայինին նման հաղորդագրություն է ուղարկել. «Ամբողջ աշխարհեն բարկացած եմ, դուրս ելա փողոց, նայեցա երկինք, աստղերը կժպտային, բայց աստղերը ժպտելու իրավունք չունեին, մտա սենյակ դուռերը փակեցի, չէի ուզեր ժպիտ եւ աստղ տեսնել, սակայն բոլոր այդ կանայք իրենց սեւ հագուստներով աչքիս առաջ եկան եւ ինձ քաջալերեցին դուրս ելնել ու աստղերուն նայել, դուրս ելա եւ աստղերուն ժպտացի`հաղթած ենք»: Սրա կողքին, Սյուզանի ասելով. «Երբ ֆիլմը ցուցադրվեցավ Շվեդիո մեջ , թրքական եւ ազերիական կազմակերպությունների կողմե հազարավոր նամակներու արշավ սկսեցավ տելեվիժոնի կայանին, որ էդ ֆիլմի փոխարեն պետք էր ցույց տալ «Սարի գելինը»: Ստաբուլում նույնպես ֆիլմի ցուցադրութենեն առաջ սպառնալիք եղած է ֆիլմֆեստիվալին. Ադրբեջանի պետական մի մարմին հեռախոսած էր եւ պահանջած ֆիլմը դադարեցնել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































