
Միեւնույն ժամանակ, քաղտեխնոլոգն ասաց, թե հասարակության այդ հատվածը ներկայացնողների մի մասը ժամանակին հիասթափվել էր ՀՅԴ-ից, եւ դա պայմանավորված էր Դաշնակցության՝ իշխանության մաս կազմելով ու այդ կուսակցության վերնախավի՝ իշխանության հետ սերտաճելով: «Այն ժամանակ դեռ ՀՅԴ-ի շարքերի եւ համակիրների մի մասը հիասթափվեցին, ու այդ հատվածին Րաֆֆի Հովհաննիսյանը «վերցրեց» ու հիմա էլ է, բնականաբար, վերցնելու»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Մեր հարցին, թե արդյոք արդարացի չե՞ն նաեւ դաշնակցականները, երբ պնդում են, թե այսօր այդ ազգայնականությունը «Ժառանգության» կողմից օգտագործելն արհեստական է, որովհետեւ այդ կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցում է մի քաղաքական ուժի հետ, որը լիբերալ է ու քիչ կապ ունի ազգայնականության, հայդատականության, «սարերի քամու» եւ նման բաների հետ: «Ես հիմա կբերեմ օրինակներ, որոնք փաստում են, որ մյուս բոլոր քաղաքական ուժերի մոտ էլ նման արհեստական հատվածներ կան. նույն Դաշնակցության «Վալեմը» հիշեցնե՞մ. թուրքական բաղնիք են բացում ու ազգայնական Դաշնակցություն են, ուրիշի քննադատում են, բայց Արմեն Ռուստամյանը հրաժարվում է ստորագրել մի փաստաթղթի տակ, որով նույն «Ժառանգության» ներկայացուցիչը փորձ էր անում կանխել Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ դառնալը: ԲՀԿ-ն հիմա խոսում է մանր ու միջին բիզնեսի մասին, ՀԱԿ-ն՝ իր համամասնական ցուցակում ունենալով Գագիկ Ջհանգիրյանի նման մարդուն՝ խոսում է ազատ ու արդար ընտրություններից, երբ բոլորը գիտեն, թե ընտրություններ կեղծելը երբ ու որտեղից է սկսվել: Ուզում եմ ասել՝ բոլորն էլ տեղով հակասություններ են, հակասություններ բոլոր քաղաքական ուժերում էլ կարելի է գտնել ու կան: Քաղաքականություն է, ու այստեղ հակասություններ չեն կարող չլինել: Նույնիսկ Քոնդոլիզա Ռայսն էր դեմոկրատից հանրապետական դարձել»,- թվարկեց Կարեն Քոչարյանը:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































