
Ըստ Սարգսյանի՝ Հայաստանում ընտրողների մեծ մասը ահաբեկված է, քանի որ տարբեր տեսակի հորինվածքներ են շրջանառվում անձնագրային տվյալները վերցնելու հետ կապված, ինչն էլ նա որակեց հոգեբանական Ճնշում:
Սարգսյանն ասաց, թե իրենց ծրագրերի հետ կապված ուշադրությամբ լսում է բոլոր առաջարկներն ու հետեւում դիտողություններին:
«Ժողովուրդն արդեն տարբերում է նրանց, ովքեր իշխանության մեջ են եղել, կոալիցիա ձեւավորել ու այդ կոալիցիայի աշխատանքի արդյունքներն այժմ առկա են: Հիմա եթե նույն կոալիցիան ձեւավորվի, մենք շատ մեծ հետընթաց կունենանք առաջիկա 4-5 տարիների համար: Բացահայտ է, որ երկու քաղաքական ուժ, որոնք այժմ պայքարում են ամբողջական իշխանությունը վերցնելու համար, չեն կարող միասնաբար մի ծրագիր իրականացնել, չէ՞ որ նրանց համար գլխավոր հարցը իշխանությունն իրենց ձեռքերում կենտրոնացնելն է»,- կարծում է Դեմկուսի նախագահը՝ հավելելով, որ միայն «Դեմկուսի» նման կուսակցություններն իրավունք ունեն խոստումներ տալու, քանի որ իրենք նաեւ ներկայացնում են, թե ինչպես պետք է հարցը լուծել:
Կարդացեք նաև
Սարգսյանն անդրադարձավ նաեւ ամենուր բաժանվող ընտրակաշառքի չափերին ու ձեւերին. «Ընտրակաշառքի ձեւերը հասել են ծիծաղելի ձեւերի, մեկը կոնֆետի տուփ էր բաժանում, մյուսը՝ մուրաբա»:
Aravot.am-ի հարցին էլ՝ ձեզանից ի՞նչ են ուզել, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մեզանից բան չեն ուզել, որովհետեւ գիտեն , «Դեմկուսը» հայտարարել էր՝ ոչ մեկին չենք գնելու, ֆինանսական օգնություն չենք տալու: Եվ ընդհանրապես մեզ մի տուփ կոնֆետի կամ մուրաբայի դիմաց չեն ձայն տալիս: Չեմ ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անել, բայց մենք ունենք ընտրազանգված»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































