
Գնահատելով Հայաստանի ընտրությունները՝ Իսկանդարյանը նշեց, որ այն անցել է շատ ակտիվ, մրցակցությունը ուժերի միջեւ շատ մեծ էր: Իսկանդարյանը գտնում է, որ հաստատ կձեւավորվի կոալիցիա, քանի որ Հայաստանում կոալիցիայի ձեւավորման ավանդույթը բավականին հին է: Իսկ թե ընտրությունների արդյունքները կանդրադառնա՞ն երկրի արտաքին քաղաքականության, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, թե՞ ոչ՝ Իսկանդարյանը նշեց. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանդրադառնան ներքաղաքական դասավորության եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի, կմնան այնպես, ինչպես որ կար, կշարունակեն իրենց բնականոն հունը: Ռուսաստան- Հայաստան հարաբերություններում չեն լինի լուրջ փոփոխություններ եւ հայկական դիվանագիտության մեջ առաջնայինը կլինի կոմպլեմենտար քաղաքականությունը: Տարիների ընթացքում գուցե ինչ- որ բաներ փոխվեն, բայց այս խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի այդ հարաբերությունների վրա»,-հավելեց նա:
Մարկարովն էլ, վերլուծելով ընտրությունների արդյունքները, առանձնացրեց հետեւյալը՝ քանի որ կուսակցություններից ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացավ ձայների 50%-ից ավելին, հետեւաբար ինտրիգն այս ընտրություններում կոալիցիայի ձեւավորվել կամ չձեւավորվելն է:
Տրոֆիմչուկը գտնում է, որ Հայաստանը տարածաշրջանային ու միջազգային կայունության «զենիթում» է: «Կայունության արդյունքը զգացվում է ընտրությունների արդյունքներից, այսինքն՝ այն բանից, որ հետընտրական ցնցումներ տեղի չունեցան: Հայաստանում կայուն է հատկապես կուսակցական համակարգը: Պահպանված է կայունությունը նաեւ Հայաստանի հարեւաններ Վրաստանի ու Իրանի հետ»,- ասաց Տրոֆիմչուկը՝ հավելելով, որ Հայաստանում տիրող բացարձակ կայունությունը պահպանված է նույնիսկ սահմաններում: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Տրոֆիմչուկի կարծիքով բազմիցս ապացուցվել է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում որակական ինչ հարթակում է գտնվում:
Կարդացեք նաև
Ստանեֆսկին էլ նշեց, որ դժվար չէր կանխատեսել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքը, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում նույնպես ընդդիմությունն է դժգոհում ընտրությունների արդյունքներից. «այդպես է լինում, երբ պարտվում են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































