
Ու ահա այս իրավիճակում մեր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ այդպիսի` օրենսդրությամբ արգելված եւ մեծ հաշվով անբարոյականության տարր պարունակող կոչեր են հնչեցրել: Ու դրանից հետո չպիտի ոչ մեկից նեղանան, որովհետեւ ոչ մի տարբերություն չկա ընտրակաշառք բաժանողի եւ դրանք վերցնել խորհուրդ տվողի միջեւ, իրականում շնացողի եւ մտովի տրվողի տարբերությունը ո՞րն է: «Կիսով հղի չեն լինում», ինչպես սիրում են կրկնել մեր գրագետ ու անգրագետ քաղաքականները միաձայն: Իսկ կաշառքը վերցնելու խորհուրդն առավել ավերներ է գործում հասարակության մտածելակերպի մեջ, քան բուն կաշառքը, որը հարց է լուծում: Այդ խորհուրդը վիզա է տալիս կաշառք վերցնելուն, այդ խորհուրդը նշանակում է, որ ընտրողն այնքան էլ վատ բան չի անում, այդ խորհուրդն ինստիտուցիոնալացնում է համատարած փող բաժանելու այպանելի սովորույթը Հայաստանում: Վերջնականապես ընտրողին դարձնում է առեւտրի սուբյեկտ, քանի որ ընտրողը մտածում է` եթե այդ բանն էս ընդդիմադիր կիսաստվածն է ասում, ուրեմն դա այնքան էլ վատ բան չէ, եւ առհասարակ` կոռուպցիան էնքան էլ վատ բան չէ: Ու այդպես ամբողջանում է հայ ընտրողի կերպարը կուզեք ասեքՙ մենթալիտետ, կուզեք ասեք` արեւելյան շահառություն: Ի՞նչ կուզեք ասեք` դրա հիմքն ամրացնում եք դուք, քաղաքական ուժերդ, ամեն անգամ քարոզելով` «ընտրակաշառքը վերցրեք (ուրիշներից), բայց խղճով ընտրեք (այսինքն` ինձ)»:
Հիմա ումի՞ց եք դժգոհում:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Ազգ»


















































