
Վերջին շաբաթներին իրար հայհոյող ու ծեծող աղջիկների մասնակցությամբ մի քանի տեսանյութերի տարածումը, տիկին Բախշյանի կարծիքով, նման դեպքերը թաքցնելու հետեւանք են. «Այդ երեւույթը կա ու կոծկվում է հենց մանկավարժների կողմից, փոխարեն դրա մասին խոսեն: Եթե դա տեղի է ունեցել մեկ տարի առաջ ու կոծկվել է, ապա շատ լուրջ թերացում է մանկավարժական կոլեկտիվի, ծնողի կողմից: Այն կարծիքին չեմ, որ ոստիկանը, դպրոց մտնելով, կարող է կանխել այդ բաները: Նույնիսկ դեմ եմ դրան: Դպրոցի կարգ ու կանոնը ոստիկանի ներկայությամբ պահպանելը՝ նշանակում է մանկավարժի հմտությունները ստորադասել»:
Անահիտ Բախշյանը դեմ է այդ անչափահասներին պատասխանատվության ենթարկելուն, նրա կարծիքով, այդ երեխաների հետ պետք է հատուկ աշխատանք տանել. «Ամենաքիչը այդտեղ ոստիկանությունը գործ ունի, նրանք ավելի կխաթարեն երեխաների հոգեվիճակը»:
Եվ հավելեց. «Համապատասխան մարմինները պետք է նայեն՝ այդ մանկավարժներն ո՞ւր էին նայում, ինչ օրինակ են ցույց տվել այդ աղջիկներին, որ նրանց մեջ այդպիսի ագրեսիա կա: Այդ տարիքի երեխաների համար օրինակ է եղել ոչ թե իրենց կարդացած գրքի մի հերոս, այլ փողոցի սանձարձակ վարքագիծ ունեցող ինչ-որ մեկը: Պետք է մանկավարժներին հարցնել, ո՞ւր էիք դուք, երբ աղջիկը այդպիսին էր մեծանում: Նա այդ պահին միայն չդրսեւորեց այդ վարքագիծը, նշանակում է նա այդպիսին դառնում էր, ի՞նչ էր անում դպրոցը, մանկավարժը, ինչպե՞ս էր աշխատում ծնողի հետ: Հետաքրքրվե՞լ են այդ երեխայով: Սա հաստատ երեխաների բացթողումը չէ՝ բոլորիս բացթողումն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































