Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հավուց Թառի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի մեկնարկային էր այս տարի: «Ուխտագնացությունը զորեղ միջոց է` հավատքի վերանորոգման և վերազարթոնքի, ներանձնական կյանքում հոգևոր խաղաղության վերահաստատման համար: Ամեն մի ուխտագնացության նպատակը սրտաբուխ աղոթքն է, ինչը սրբազան որևէ նպատակի համար ուխտ արած քրիստոնյայի հոգու խորքից առավել ջերմեռանդորեն է բխում և լսելի դառնում Աստծուն»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի պատասխանատու Ժորա սարկավագ Սարգսյանը: Հոգեւորականը հավելեց, որ «Մանանայի» երիտասարդները Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հաղթանակների առիթով Հավուցթառի վանքում աղոթք վերառաքեցին Հայոց աշխարհի անսասանության, հայ ժողովրդի բարօր կյանքի և հայ զինվորի՝ հայրենիքը պաշտպանելու աննկուն կամքի հարատևման համար. «Հավուց Թառը, որը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը, այն նշանավոր սրբավայրերից է, որոնցից հոգևոր անսպառ զորություն է հորդում, որտեղ կարող ես առավել չափով զգալ աղոթքի զորությունը: Դեպի Հավուց Թառ ուխտագնացությունը պետք է իմաստավորվեր նաև ուխտավորի սեփական փոքրիկ զոհողությամբ. իր դժվարամատչելի դիրքի պատճառով նա պետք է փոքր-ինչ հոգնությամբ հաղթահարեր դեպի վանական համալիր տանող ճանապարհը»,-հավելեց Ժորա սարկավագը:


Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































