ԿԸՀ-ն, օրենքով արգելված քարոզչություն իրականացնելու համար, երկու օրաթերթերի նկատմամբ վարույթներ հարուցեց, եւ ասում էին, որ պետք է դիմեն վարչական դատարան՝ նշված թերթերին 500 հազարից 700 հազար դրամով տուգանելու համար։ Երեկ մենք հետաքրքրվեցինք այդ վարույթների ճակատագրով։ Պարզվեց՝ դրանք դեռեւս Կենտրոնական ընտրական հանձնաժողովում են, դեռ դատարան չեն ուղարկվել։ Այդ մասին մեզ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Վարույթները դեռ ընթացքի մեջ են, մենք կողմերին ծանուցել ենք։ Նիստ կանենք եւ հայցադիմումները պատրաստելուց հետո կուղարկենք դատարան»,- ասաց Մուկուչյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 5-ին՝ լռության օրը, ԿԸՀ կարծիքով օրենքով արգելված քարոզչություն էին իրականացրել «Չորրորդ ինքնիշխանություն» եւ «Ժամանակ» օրաթերթերը, որոնց նկատմամբ վարչական վարույթ էր հարուցվել։ «Չորրորդ ինքնիշխանության» նկատմամբ վարչական վարույթն իրականացվել էր հենց նույն օրը, իսկ «Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչը չէր ներկայացել վարույթի քննարկմանը։ ԿԸՀ-ից կրկին ծանուցել են, եւ հարցը քննարկելուց հետո ԿԸՀ-ն պատրաստվում է հայցադիմումը ներկայացնել դատարան։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: