Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկըցող» ասիացիներ

Հունիս 09,2012 12:31

Ռուսական եւ խորհրդային կայսրություններում, ինչպես նաեւ Միջին Արեւելքի երկրներում գործող «կարգը» հիմնված է մեկ գլխավոր սկզբունքի վրա. այն, ինչ գրված է օրենքներում, այն, ինչ ասվում է «պաշտոնապես», չափազանց հեռու է իրականում գործող մեխանիզմներից: Բայց դա դեռ ամբողջը չէ. ավելի էական է, որ բոլորը դա շատ լավ գիտեն, ու հասարակության մեջ դրա վերաբերյալ գոյություն ունի որոշակի կոնսենսուս: Պատկերացրեք, որ տվյալ թաղամասում էլեկտրաէներգիան անջատվել է, լուսացույցները չեն աշխատում՝ ինչպե՞ս պետք է քշեն վարորդները: Շատ պարզ՝ դրա համար նույնիսկ հատուկ վարորդական եզր կա՝ «իրար հասկընալով»: Այսինքն՝ դու պետք է փորձես կանխագուշակել, թե ինչ է ուզում անել դիմացինդ, եւ քո պահվածքը կառուցես այդ դիմացինի ենթադրյալ զոռբայության կամ համեստության հիման վրա: Այդպիսով, վթարի ենթարկվելու ռիսկը պայմանավորված է ոչ թե ինչ-որ գրված կանոններով, այլ  քո՝ «հասկընալու»  ունակությամբ: Ճիշտ այնպես, երբ քեզ մոտենում է «ստայանչիկը» եւ սովորական, ենթադրվող, «ընդունված» 100 դրամի փոխարեն ուզում է 200, դու կարող ես սուսուփուս տալ փողը կամ էլ կռիվ անել, բայց ոչ մի ծառի վրա չկա ոչ մի ցուցանակ, որ սա վճարովի կանգառ է, որի այսինչ ծառայության գինն այսինչ է: Եթե լինի էլ, որեւէ երաշխիք չկա, որ որեւէ մեկը պիտի այդ գնացուցակին հետեւի:  Բոլորը տեղյակ են այս իրավիճակից, եւ ոչ ոք լրջորեն չի ընդվզում դրա դեմ,  քանի որ ամեն մեկը «հասկընում» է՝ այս «ստայանչիկն» այդպես է իր գլուխը պահում, ես էլ մի ուրիշ տեղ, ուրիշ ոլորտում եմ նույնն անում:

Ասիական այս կարգը ձեռնտու է մեծամասնությանը եւ դրա համար է պահպանվում՝ այստեղ չկա որեւէ գաղտնիք կամ գերբնական ուժերի ազդեցություն: Նույնիսկ նրանք, ովքեր պայքարում էին սահմանադրական կարգի համար, «հասկըցան», որ կան վատ, թշնամի օլիգարխներ, եւ կան լավերը, որոնց հնարավորություններից կարելի է օգտվել՝ հետագայում, հավանաբար, վեհ նպատակներ իրագործելու համար:

Ստվերը, կոռուպցիան, ընտրություններ անցկացնելու համար մեխանիզմի բացակայությունը այդ «ասիական կարգի» դրսեւորումներն են: Ընդհուպ մինչեւ արտագաղթը, որովհետեւ «հասկընալով» ավտոմեքենա քշելը կամ ընդհանրապես ապրելը նյարդերի մեծ լարում է պահանջում, եւ մարդիկ ձգտում են ոչ միայն ապահովված մի կտոր հացի, այլեւ «ապահովված» խաղի կանոնների, որոնք, ճիշտ է, ԱՊՀ տարածքում չեն գործում: Հենց այդ տարածքի մասին էլ կուզենայի վերջում  երկու բառ ասել: Մոսկվայում այժմ խոսվում է Եվրասիական միության մասին: Առաջարկվող փաստաթղթերում շատ լավ եւ ճիշտ բաներ են գրված՝ իբր, դա լինելու է  Եվրամիության նման մի բան: Բայց բոլորը շատ լավ «հասկընում» են, որ այն, ինչ գրված է թղթի վրա, մեր տարածքում չափազանց հեռու է իրականությունից, եւ եթե մի բան ստացվի, դա կլինի ռուսական կայսրության նման մի բան:

Ուստի, որպեսզի այն միության գոնե անունը մի քիչ մոտենա իրականությանը, առաջարկում եմ այնտեղից «եվր»-ը հանել եւ թողնել միայն՝ «ասիական միություն»: Կամ, ինչպես Մարքսն էր գրում՝ «ասիական ֆորմացիա»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930