Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ դատապարտյալի՝ Ռոբերտ Քոչարյանը դատավճիռ է կայացրել

Հունիս 18,2012 12:27 Share

դատախազ Ալեքսան Մուրադյան

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ այսօր լսեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի վերաքննիչ բողոքները:

Դատավորը տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյալից ստացվել է դիմում՝ իր մասնակցությունն ապահովելու հետ կապված, դատարանն այդ կապակցությամբ ուղարկել է ծանուցագիր: Այնուհանդերձ, ցմահ ազատազրկվածը չէր ներկայացել դատարան:

Մինչ կողմերին լսելը, դատավորը հրապարակեց վերաքննիչ բողոքների բովանդակությունը, դատախազ Ալեքսան Մուրադյանի առարկությունները:  Ցմահ ազատազրկվածի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը գտնում էր, որ 2003թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր 103-Ա հրամանով  նոր պատժատեսակ էր սահմանել, որը գործող քրեական օրենսգրքով  ոչ միայն գոյություն չուներ եւ նաեւ ավելի խիստ էր: Խոսքը մահապատիժը ներման հրամանագրով փոխարինելու, ապա ցմահ ազատազրկման դատապարտելու մասին է: Բողոքաբեր կողմը պահանջում էր անվավեր ճանաչել նախագահի այդ հրամանագիրը եւ նշանակված պատիժը՝ ցմահ ազատազրկումը փոխարինել մինչեւ 20 տարի ազատազրկմամբ:

դատավոր Եվա Դարբինյան

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը իր բողոքում գրել էր, որ ինքը իրավաբան չէ եւ բոլոր իրավական հիմնավորումները կներկայացնեն իր փաստաբանները: Նաեւ գրել էր, որ չի կատարել այն հանցանքը, որում իրեն մեղադրել են, իսկ այդ պատժատեսակը իր վիճակն ավելի ծանրացրել է: Ըստ Ենոքյանի, ՀՀ նախագահն իրավունք չունի արդարադատություն իրականացնել, քանի  որ արդարադատություն իրականացնում են, Սահմանադրության համաձայն, դատարանները, արդարադատության մարմինները:

Դատախազ Ալեքսան Մուրադյանը ասաց, որ նախագահի վերոնշյալ հրամանագրով ներում է շնորհվել 42 անձի նկատմամբ եւ որ նախագահն ըստ էության ուներ Սահմանադրությամբ օժտված ներում շնորհելու իրավասություն: Նա բերեց ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի օրինակը, ասելով, որ փոխվել է նրա ռեժիմը, անցել է կիսափակ ռեժիմի: Ավելին՝ ակնարկեց, թե  Ենոքյանի բողոքը այս դատարանում քննարկվելիք փաստ չէ, այլ՝ Սահմանադրական դատարանի: Նա նաեւ բերեց Բելառուսի մարդու իրավունքների պաշտպանի դիմումներից մեկի օրինակը՝ մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ: Խոսքը մարտին մետրոյի պայթեցնողների մասին էր…

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարող է մարդը չօգտվել դատական պաշտպանության իր իրավունքից, այն դեպքում, երբ առաջին ատյանում լսվել է այդ հարցը եւ դիմել Սահմանադրական դատարան, դատախազն ասաց, որ քանի  որ հղում արվեց Սահմանադրությանը եւ որ խնդրահարույց է արդարադատություն իրականացնելու հարցը, ապա ինքը դարձյալ պնդում է, որ այդ վեճը ենթակա է Սահմանադրական դատարանում լուծվելու:

Դատավոր Եվա Դարբինյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Մհեր Ենոքյանի բողոքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930