
Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ եք ծրագրում գրել, որ պետք է ներդաշնակեցնեք մարդը եւ բնությունը՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ծրագիրը գեղեցկացնելու համար փիլիսոփայական մտքեր էլ են պետք, էլի: Բայց այնտեղ կան տնտեսական զարգացման արժեքները, արտաքին քաղաքականության մոտեցումները, ներքին քաղաքականության, սոցիալական կյանքի, այնտեղ բոլոր ոլորտներն արտացոլված են: Ծրագիրը դա գաղափարն է, իսկ թե իրականում ոնց է իրագործվելու գաղափարը՝ դուք կտեսնեք բյուջեում»:
Մեր հարցին՝ ծրագրում շատ թվեր չկային, չեք գրել, որպեսզի հետո հանկարծ չասեն՝ բա ինչու այս թիվը չստացա՞ք՝ նա պատասխանեց, որ թվեր չեն գրել, որովհետեւ այդ բոլոր թվերը կերեւան բյուջեում. «Կատարողականը կլինի բյուջեում, թե որ մասով ինչ թվեր են հատկացված: Ծրագիրը գաղափարախոսություն է՝ ինչպես անել ու ոնց անել: Մի- երկու գեղեցիկ խոսք էլ հենց դրա համար են»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի քննադատություններին դիմակայելուն՝ ըստ Ռազմիկ Զոհրաբյանի եթե քննադատությունը տեղին է, իրենք դա ընդունում են. «Պետք է սովորես նաեւ քո բացթողումների վրա: Եվ շատ լավ է, որ ՀԱԿ-ը կարողանում է նաեւ մանրակրկիտ, հատկապես Բագրատյանը, գտնել այդ բացթողումները եւ առաջարկել: Հենց կոնստրուկտիվիզմը դրանումն է, ոչ թե թաքցնում ես, այլ՝ հին վարպետներ կային, է, որ թաքցնում էին, հետո արհեստը իրանց հետ մեռնում-կորում էր: Ընդդիմության մոտ այդպես չի: Այսօր իրենք չեն թաքցնում իրենց գիտելիքները, առաջարկում են: Մենք էլ դրանից կօգտվենք»:
Կարդացեք նաև
Ռազմիկ Զոհրաբյանը նկատել է, որ Կոնգրեսը ԱԺ-ում շատ է փոխվել: Միտինգներից իրենք ուրիշ ՀԱԿ են ճանաչել. «Իսկապես քարոզարշավների ժամանակ նրանք բավականին վիրավորական բաներ էին խոսում: Բայց սա պառլամենտ է, ամոթ է մեզ բոլորիս համար, որ մենք պառլամենտում նույն բառապաշարով լինենք: Կա պառլամենտական կուլտուրա, եւ մենք պետք է դրան մոտիկ լինենք, որովհետեւ աշխարհը չի ընդունում հայհոյանքներ պառլամենտում: Չնայած մեր ԱԺ-ում տուրուդմփոց էլ են լինում, գիտեք, տեսել եք»:
Մեր հարցին՝ ձեռնամարտի օրինակներ եղել են ԱԺ-ում, սպասելիքներ չկա՞ն, որ ՀԱԿ-ի մասնակցությամբ առաջիկայում ավելի թեժ ձեռնամարտեր կլինեն՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՀԱԿ-ի հետ ձեռնամարտի նման փորձեր նույնիսկ անենք, չի սազում էլի»: Մենք հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, Ձե՞զ չի սազում, թե՞ իրենք են չափազանց ինտելիգենտ՝ դրա համար՝ նա պատասխանեց. «Մենք հո ռեստորաններում չենք, որ խմենք՝ կռվենք: Պառլամենտ է, պիտի այնտեղ քաղաքական խնդիրներ քննարկենք: Օրինակներ, այո, եղել են, խփել են, հարվածել են: Դե ի՞նչ անենք, Ճապոնիայում ու Անգլիայում էլ է եղել: Լավ, գոնե ամեն օր չլինի էլի, մեկ-մեկ ոչինչ»,- կատակեց ՀՀԿ փոխնախագահը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































