
Այս մրցույթը ամենամասսայական մարզական միջոցառումն է մեզանում, որի առաջին փուլին այս տարի երեք տարիքային խմբերում (այն որոշվում է ընտանիքի երեխայի տարիքով` 6-8, 9-11, 12-14) մասնակցել է Հայաստանի` 48 քաղաքների, Լեռնային Ղարաբաղի՝ 8 եւ Երեւանի՝ 12 վարչական շրջանների 1475 ընտանիք:
«Լավագույն ավանդույթներ ձեւավորած եւ արդեն կայացած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գերնպատակը Հայաստանի եւ Արցախի ընտանիքներում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորումն է: Եվ մարդու առողջությունը գերագույն արժեք է կարգախոսով առաջնորդվող ընտանիքներն իրենց օրինակով ցույց են տալիս, որ յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է զբաղվի սպորտով», – Aravot.am-ին ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը եւ հավելեց. «Այս մրցույթի կազմակերպման համար տրամադրվել է 69 միլիոն դրամ, որի 51 միլիոնից քիչ ավելին հատկացված է մրցանակային ֆոնդին, իսկ մնացածը՝ կազմակերպչական աշխատանքներին»: Փոխնախարարի խոսքերով յուրաքանչյուր փուլում հաղթած ու մրցանակակիր դարձած ընտանիքները ստացել են իրենց պարգեւները, իսկ հուլիսի 14-ին եզրափակչի երեք տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված ընտանիքները հանրապետության նախագահից կստանան, համապատասխանաբար, 500, 400 եւ 300 հազարական դրամ: Սահմանված են նաեւ դրամական ու իրային այլ մրցանակներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































