Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը մեղադրանքները ՀՀ իրավապահների ուշադրությանը չեն արժանացել

Հուլիս 12,2012 10:54

ՀՀ իրավապահները երեկ հերթական հաղորդագրությունն են տարածել, ըստ որի՝ 100 դոլլար կաշառք վերցնելուց հետո ձերբակալվել է անձնագրային   եւ վիզաների վարչության մի աշխատակից, որը գումարը պահանջել է անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար:

Նման խոշոր հանցագործության բացահայտումը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության համատեղ օպերացիայի շնորհիվ։ Մի բանի օր առաջ էլ քաղաքացուց գումար վերցնելու պահին ԱՍԾ-ն ձերբակալել էր մի «ԺԷԿ»-ի պետի։ Դե՛ ինչ, ակնհայտ է, որ ՀՀ իրավապահներն անողոք պայքար են մղում կոռուպցիայի դեմ։ Մնում է՝ երկու հատ սերժանտ ու մի երեք հատ էլ «ԺԷԿ»-ի պետ բռնեն, եւ դրանից հետո Հայաստանը կարող է պաշտոնապես հայտարարել, որ մեզ մոտ կոռուպցիան արմատախիլ է արվել։ Իսկ նախորդ օրը համացանցում տարածված տեսագրությունը, որում «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը պատմում է բարձրաստիճան մի շարք ՀՀ պաշտոնյաների, այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչներին հարյուր հազարավոր դոլարներ բաժանելու մասին, ինչպես երետւմ է՝ ՀՀ իրավապահների ուշադրությանը չի արժանացել։

ՀՀ օրենսդրության համաձայն, պետական պաշտոնյաների մասնակցությամբ հանցագործությունները քննում է Հատուկ քննչական ծառայությունը։ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանից երեկ փորձեցինք պարզել, թե արդյոք նշված տեսագրությանը որեւէ ընթացք տրվե՞լ է։ Սակայն, Միրզոյանը, Անդերսոնի անունը լսելուց անմիջապես հետո՝ առանց հարցը լսելու, հայտարարեց, որ անհրաժեշտ է հարցը գրավոր ուղարկել։ Իհարկե, հարցը գրավոր էլ ուղարկեցինք, բայց պատասխանն այդպես էլ չստացանք։ Նման մոտեցումը լրիվ հասկանալի է, մարդիկ զբաղված են լուրջ հանցագործությունների բացահայտմամբ եւ չեն կարող ժամանակ հատկացնել նման մանր-մունր տեսագրություններին, որոնցում ընդամենը ողջ կառավարման համակարգում առկա կոռուպցիայի վերաբերյալ փաստեր են ներկայացված։

Գումարով վճիռներ կայացնելու մասին փաստերը, պարզվում է, դատական համակարգին նույնպես չեն հետաքրքրում։ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը դատավորների կողմից վճիռների դիմաց գումար վերցնելու մասին տվյալների վերաբերյալ ասաց, որ դրանց ընթացք տալը եւ մեկնաբանելը դատական դեպարտամենտի գործառույթների մեջ չի մտնում, ուստի ինքը չի կարող այդ առնչությամբ որեւէ գնահատական կամ մեկնաբանություն տալ։

Պավել Անդերսոնի հրապարակած տվյալների մի խումբ էլ այն մասին էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ նրա նախկին տեղակալ Կարեն Դավթյանը հարյուր հազարավոր դոլարներ են վերցրել մայրաքաղաքի կենտրոնում քաղաքացիներից խլված տարածքներից մի հատված «Վիզկոն» ՍՊԸ-ին տրամադրելու համար։ Երվանդ Զախարյանն, ինչպես հայտնի է, այժմ զբաղեցնում է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ Կարեն Դավթյանը կրկին նրա տեղակալն է։ Կադաստրի կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը, նշված մեղադրանքների առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան, ասաց՝ Անդերսոնի ասածներն «իրականությանը չեն համապատասխանում, եւ դրանք ընդամենը անպատասխանատու հայտարարություններ են»։ Մեր հարցը՝ եթե Անդերսոնի ասածները իրականությանը չեն համապատասխանում, ապա Զախարյանը եւ Դավթյանը չե՞ն պատրաստվում դիմել իրավապահներին, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն դրա համար, այդպես էլ մնաց անպատասխան։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031