
Լրագրողները նախարարին հարցրեցին ` ինչպե՞ս անել, որ Շիրակի մարզը գոնե անոթաբաններ ու էնդոկրինոլոգներ ունենա: «Գիտեք, մարզերը պետք է մի քիչ հրապուրիչ դարձնել մասնագետների համար: Մենք կադրեր պատրաստում ենք, շատ ենք պատրաստում, բայց այդ կադրերը ո՞ւր են գնում , որովհետև գալիս են Շիրակի մարզ, պարզվում է՝ բնակարանի խնդիր կա, պայմաններ չկան», -ասաց նախարարը: Իսկ աշխատավարձը, ըստ նրա, տվյալ դեպքում խնդիր չէ, քանի որ անցել են հին ժամանակները, երբ անկախ բժշկի կատարած ու չկատարած աշխատանքից, երաշխավորված գումար էին ստանում: «Հիմա մենք ասում ենք, դու այսքան վիրահատություն արեցիր, դու այսքան հիվանդ բուժեցիր, դու վարձատրվում ես դրա համար: Շատ բժիշկներ կան, որոնց աշխատավարձը 800-900 հազար դրամ է կամ 1 միլիոնից անցնում է, որովհետև նրանք շատ պահանջված մասնագետներ են, և մասնագետներ կան, որոնք ընդամենը ամսվա ընթացքում 1-2 վիրահատություն են ունենում, և նրանց աշխատավարձը ցածր է: Մենք պետք է հասնենք նրան, որ բժիշկը աշխատի իր որակավորումը բարձրացնի , որպեսզի իր մոտ հիվանդներ շատ գան և դրանից կախված լինի իր աշխատավարձը, և ոչ թե ինչ-որ մեկը որոշի ինչքան աշխատավարձ ստանա, դա նպաստ չէ, դա աշխատավարձ է, և պետք է կատարի աշխատանքի դիմաց»,- ասաց պարոն Դումանյանը:

Ի դեպ, նախարարը անդրադարձավ նաև Գյումրու կենտրոնում կառուցված բազմապրոֆիլ հիվանդանոցին`տեղեկացնելով . «Շատ մոտ ժամանակներս մի հոյակերտ հիվանդանոց ենք շահագործման հանձնելու, պետք է ասեմ, որ ավելի քան 20-ամյա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զրոյից կառուցվում է հիվանդանոց և դա Գյումրիում: 200 մահճակալանոց հիվանդանոց է լինելու, կահավորանքը լինելու է ամենաժամանակակից սարքավորումներով, և նույնիսկ մնացած բոլոր անհրաժեշտ պարագաներն են ամենանորագույնը լինելու»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































