Հատված ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-ԲՀԿ-ն ի՞նչ նպատակ ու ակնկալիքներ ունի:
-ԲՀԿ-ի այս դիրքորոշումը, վիճակը եւս ընկալելի ու բացատրելի է: Խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն Հանրապետականի հետ չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ ոչ թե ծրագրային, գաղափարական հարթությունում, այլ նախարարական պորտֆելները բաժանելու հարցում: Մինչեւ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի մեկնարկը ԲՀԿ-ն, կարծում եմ, կպահպանի իր իներտությունը, չեզոքությունը եւ կխուսափի բոլոր հնարավոր կոնֆլիկտներից:
Այս կեցվածքը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ ԲՀԿ-ն որոշի, թե հնարավոր երեք տարբերակներից որն է նախընտրում: ԲՀԿ-ն կարող է նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով կամ պաշտպանել իշխող կոալիցիայի թեկնածուին: Ես առավել հավանական եմ համարում երրորդ տարբերակը, երբ ԲՀԿ-ն իր համակիրներին ու կուսակիցներին կոչ կանի ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ քվեարկել իրենց նախասիրությամբ: Բայց այս դեպքում իր թեկնածությունը ինքնառաջադրած կլինի Վարդան Օսկանյանը:
-Այսինքն՝ ԲՀԿ-ն նման «խուճուճ» քաղաքական տեխնոլոգիաներ է կիրառում Օսկանյանի՞ն առաջ մղելու նպատակով:
-Հիմնավորապես պնդելու համար, որ այս ամենն արվում է հենց կամ միայն հանուն Օսկանյանի, պետք է լինել որոշումներ կայացնողների խոհանոցում: Քաղաքագիտության մեջ կա «ինտիմ խմբակ» հասկացությունը: Յուրաքանչյուր կուսակցության մեջ այս խմբակը կա: Այն «ինտիմ» է, քանի որ կուսակցության ամենագաղտնի ու քողարկված որոշումներն է կայացնում: Իհարկե, կարելի է գուշակել, թե ԲՀԿ-ի «ինտիմ խմբակում» ովքեր են, բայց ճիշտ չի լինի նրանց անունները բարձրաձայնել:
Հավանաբար այդ խնբակում Գագիկ Ծառուկյանի կարծիքը վճռորոշ չէ, բայց անվերապահորեն՝ ծանրակշիռ է: Կարծում եմ, այսօր ոչ ոք, եթե այդ խմբակի անդամ չէ, չի կարող հիմնավորված պնդել, թե Օսկանյանի առաջադրման հարցը վճռում է հենց Գագիկ Ծառուկյանը:
Միաժամանակ, ԲՀԿ առաջնորդի հետընտրական տեւական բացակայությունն ու լռությունն եմ միանգամայն արդարացված ու պատճառաբանված համարում, քանի որ կուսակցությունը դեռ չի որոշել իր քաղաքական ուղեգիծը: Բոլոր հստակեցումները կարվեն սեպտեմբերին:
Գագիկ Ծառուկյանը թեեւ ունի ֆինանսական ու տնտեսական հզոր կարողություններ, բայց նախընտրում է հրապարակայնորեն ու հստակ ցուց տալ իր դիրքորոշումները: Միանգամայն հնարավոր է, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը դառնան ընդդիմություն:
Սա միայն հայկական ֆենոմեն չէ: Նման բազմաթիվ օրինակներ կարելի է մատնանշել: Հիմա հարեւան Վրաստանում գրեթե բոլոր ընդդիմադիր լիդերները օլիգարխներ են: Օլիգարխը իշխանության համար ամենաանցանկալի ընդդիմությունն է:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»
Կարդացեք նաև