
Բացի սպառողներից, Aravot.am-ին դժգոհել են նաեւ «Արմավիայի» օդաչուները, որոնք Երեւան-Աթենք թռիչքն են իրականացնում: Ըստ օդաչուների, իրենք արդեն 5 ամիս է աշխատավարձ չեն ստանում, միայն վերջերս են ստացել փետրվար ամսվանը, իսկ թե մնացածը երբ կստանան, դեռ հայտնի չէ: Այսօր նշված թռիչք իրականացնող օդաչուները իրենց հաշվին արձակուրդում են, այն էլ «Արմավիան» է ստիպել օդաչուներին իրենք իրենց հաշվին վերցնեն արձակուրդը: Մեզ հետ զրույցում օդաչուներն ասացին, որ ավիաընկերությունը մտադիր չէ իրենց հետ պայմանագիրը երկարացնել, եւ հավանաբար կկրճատվեն: Մեր հարցին` եթե կրճատվեն, այդ դեպքում ինչպե՞ս է իրականացվելու Երեւան-Աթենք թռիչքը, օդաչուներն ասացին. ««Արմավիան» հույն, լեհ, չեխ օդաչուներ է բերել, նրանք էլ իրականացնում են թռիչքները: Ընդ որում, օտարերկրյա օդաչուներն ավելի թանկ են նստում ընկերության վրա, քանի որ նրանց բացի աշխատավարձից, տրամադրվում է օրապահիկ եւ հյուրանոցային համարներ: Բացի դա, հայ օդաչուները համարվում են լավագույնը եւ միջազգային ասպարեզում բավականին պահանջված են, քանի որ լեռնային գոտիներում թռչելու փորձ ունեն: Այսօր ընկերության 70 օդաչուներ թողել հեռացել են «Արմավիայից», որոշներն էլ` երկրից ու ամեն մեկը մի միջազգային ընկերությունում են աշխատում: Մնացել է ընդամենը 25 օդաչու: «Աէրոֆլոտը» մեզ վստահեցրել է, որ եթե մի 10 օդաչուներ հավաքվեն, նոր էսկադրիլյա կբացի, այ այդպես են մեզ հարգում ու վստահում»:
Օդաչուների պատմելով, «Արմավիան» հսկայական պարտքեր ունի, արդեն 1 շաբաթ է «Էյրբաս» ինքնաթիռը Պրահայում է` տեխզննման համար, որի դիմաց ավիաընկերությունը պետք է վճարի 800 հազար եվրո, սակայն վճարել է ընդամենը 200 հազարը, իսկ մնացածը չի կարողանում վճարել, որպեսզի բերի Հայաստան:
Նշենք, որ 2013 թվականին լրանում է «Արմավիայի» մենաշնորհային ժամկետը, ընկերությունում լուրեր են պտտվում, որ դժվար թե պայմանագիրը երկարացվի` որպես ազգային ավիափոխադրող:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանում էր խնդրել «Արմավիայից»: Մեր գրավոր հարցերին ընկերությունը խոստացավ առաջիկայում պատասխանել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































