Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոցի» աշխատակիցներն ուղեւորներին «սիլլելու» իրավունք ունեն ՀՀ կառավարության 1307-Ն, 1142-Ն, 944 -Ն որոշումների շրջանակներո՞ւմ

Դեկտեմբեր 08,2022 22:30
zvartnoc

Սույն թվականի նոյեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում, Երևան-Մոսկվա թռիչքին ներկայացած ուղևոր Նաիրա Բաղդասարյանին հիշյալ թռիչքի գրանցման ծառայությունը, օդանավակայանի անձնագրային ստուգման վերահսկողությունը և նստեցումը ստուգող ու կտրոն տրամադրող անձնակազմը թույլատրել էր հասնել մինչև օդանավի մուտք:

Սակայն, ինքնաթիռի մուտքի մոտ ծառայություն իրականացնող «Աէրոֆլոտի» երիտասարդ աշխատակիցը (անուն ազգանունը պատկան մարմինների կողմից պահվում է գաղտնի, իսկ տեղում երիտասարդը թույլ չտվեց ընթերցել բեյջին նշվածը), անհարգալից տոնով և ուսի հետհրումով արգելել էր ուղևորի մուտքը ինքնաթիռ: Ավելին՝ Ալեքս անունով մեկ այլ երիտասարդ, որն, ըստ կուլիսային տվյալների, օդանավակայանի աշխատակից է, հայհոյել ու սպառնացել էր «սիլլել» ուղևորին:

Երիտասարդը, որն արգելեց ուղևորի մուտքը օդանավ, պատճառաբանում էր, թե վերջինիս ուղեբեռը նորմային չի համապատասխանում, չնայած այն փաստին, որ Ն. Բաղդասարյանը ձեռքին ունեցել է տասը կիլոգրամանոց՝ տվյալ ավիաընկերության պահանջներին համապատասխանող մեկ ճամպրուկ, նվերների երկու տոպրակ և դյութի ֆրիից գնումներ: Զավեշտն այն է, որ ուղևորն ի սկզբանե չի թաքցրել իր ձեռքի ուղեբեռի ոչ քանակը, ոչ էլ քաշը, գրանցման ծառայությունը տվել է նրան համապատասխան տալոն (բիռկա) և ավելին՝ Ն. Բաղդասարյանը ճիշտ նույն չափի ուղեբեռով Մոսկվայից անարգել ժամանել էր Երևան՝ նույն ավիաընկերության թռիչքով:

Արգելելով ուղևորի մուտքը ինքնաթիռ՝ «Աէրոֆլոտի» անձնակազմը պահանջել է, որպեսզի վերջինս անհապաղ լքի ստերիլ գոտին, իսկ օդանավակայանի աշխատակից Ալեքս անունով երիտասարդը՝ կտրուկ մոտենալով աղջկան, սպառնացել է «սիլլել» նրան, ինչից հետո ազատ ու անկաշկանդ սկսել է ետ ու առաջ քայլել տարածքում՝ առանց արժանանալու օդանավակայանի անվտանգության ծառայության ուշադրությանը:

Ինքնաթիռի թռիչքից տասը րոպե անց՝ «Աէրոֆլոտի» անձնակազմը, ետ գրանցում է արել ուղևոր Ն. Բաղդասարյանին (անչեքին), ըստ էության խախտելով անվտանգության կանոնները, քանի որ, փաստացի, ստացվում է, որ Բաղդասարյանը տասը րոպե գտնվել է Մոսկվա ուղևորված ինքնաթիռի մեջ օդում, բայց հետո հրաշքով հետ է վերադարձել Երևանի օդանավակայան:

Միջադեպի արդյունքում՝ «Զվարթնոցի» անվտանգությունը համոզիչ կերպով պահանջել է ուղևորին հետևել իրեն, աշխատասենյակում կանչել է ՀՀ ոստիկանության ներկայացուցչին, որն էլ, վերցնելով քաղաքացու անձնագիրը, երեք ժամ շարունակ պահել է նրան վերահսկողության տակ՝ առանց կազմելու արձանագրություն և բաց է թողել «կարևոր» զանգ ստանալուց հետո միայն՝  Ն. Բաղդասարյանի Մոսկվա մեկնած ինքնաթիռի վայրէջքից 20 րոպե առաջ:

Տեղի ունեցած միջադեպի առիթով դեռ անցած շաբաթ հարցում էինք ուղարկել պատասխանատու մարմիներին՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերություն, «Զվարթնոց» օդանավակայան, ՀՀ ոստիկանություն և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որի ենթակայության տակ գտնվող կառույց է համարվում ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:

Տեղեկատվության տրամադրման՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի ընթացքում հարցմանը պատասխանել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը: Մնացյալ գերատեսչություններն ու «Աէրոֆլոտը» առայժմ ոչ մի արձագանք չեն ներկայացրել և չեն հիմնավորել ժամկետի սահմաններում տեղեկատվություն չտրամադրելու պատճառը:

Իր պատասխանում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունը հայտնում է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության բաժնի աշխատակիցների գործունեությունն իրականացվում է ՀՀ կառավարության 1307-Ն, 1142-Ն, 944 –Ն որոշումների շրջանակներում, և բոլոր աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքը՝ տվյալ միջադեպին վերաբերող, համապատասխանում է վերոհիշյալ որոշումներին: Բարի:

Նշված կառավարական որոշումները վերաբերում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն որակի անվտանգության հսկողությանը:

1307-Ն-ը 43 կետից բաղկացած ազգային ծրագիր է, որը սահմանում է ՀՀ քաղաքացիական ավիացիային վերաբերող բոլոր նրբությունները՝ օդանավերի շահագործումից մինչև ուղևորների անվտանգություն:

Այս փաստաթղթում ոչ մի կետ չգտանք այն մասին, որ ուղևորին պետք է հասցնել ինքնաթիռ, տալ նստեցման կտրոն, այնուհետ վերաբերել անհարգալից, հայհոյել, «ճանապարհել» Մոսկվա, իսկ այնուհետ դուրս գրանցել թռիչքից տասը րոպե անց: Խոսք չկա նաև այն մասին, որը օդանավակայանի անվտանգությունը ազատ ու ինքնավստահ տեղաշարժվելու հնարավորություն պետք է տա ուղևորին սպառնացող «Զվարթնոցի» աշխատակցին:

1142-Ն-ը վերաբերում է ՀՀ օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելուն: Այս փաստաթղթում ևս չկա որեւէ կետ, որն անմիջական կերպով լույս կսփռի հիշյալ միջադեպի օրենքի սահմաններում տեղի ունեցած լինելու վրա:

Մեր հույսի վերջին կաթիլը պետք է արդարացներ 944-Ն որոշումը, որը սահմանում է ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելուն, բայց ավաղ…

Այս որոշման 73 կետում ասվում է. «Եթե ուղևորը սահմանված կարգով անցել է ուղևորների սպասարկման ընթացակարգերը, մինչև թռիչքը գտնվել է ստերիլ գոտում և որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորը և նրա ուղեբեռն ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից և իր ուղեբեռի հետ միասին հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին: Նման ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև ժամանման օդանավակայանում տվյալ չվերթի օդանավի վայրէջքը»:

Բարի: «Զվարթնոցի» անվտանգության և ՀՀ ոստիկանության գործողությունները լիովին օրենքի շրջանակներում կլինեին, եթե ուղևոր Ն. Բաղդասարյանն ինքնակամ հրաժարված լիներ թռիչքից, սակայն նրան արգելել են: Գրանցել են նստեցման ու հետո արգելել: Հուսով եմ, օդանավակայանում գոնե այդ համակարգը գործում է անխափան և գրանցել է աշխատակազմի գործողությունները ժամ առ ժամ:

Բացի այդ, հարգելի ՀՀ ոստիկանություն, այդ պարագայում ինչո՞ւ է ուղևորը պահվել օդանավակայանի սպասասրահում և ոչ թե ոստիկանության բաժանմունքում և, ինչո՞ւ է ազատ արձակվել Մոսկվա մեկնած ինքնաթիռի վայրեջքից քսան րոպե առաջ, եթե օրենքը այլ բան է պահանջում:

Այս փաստաթղթում կա ևս մեկ հրաշալի կետ. «Ավիացիոն անվտանգության հսկողության կետում կատարվում է ուղևորի և նրա ձեռքի իրերի պարտադիր զննում: Հսկողության ընթացակարգից խուսափելը հիմք է հանդիսանում ուղևորին թռիչքի չթույլատրելու համար: Հաշվառում անցած ուղևորի ուղեբեռը կրկնակի զննվում է ուղևորի ներկայությամբ, իսկ կրկնակի զննման արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում»:

Ուղևոր Ն. Բաղդասարյանի ուղեբեռը, ինչպես ասվեց վերևում, ստուգվել է հաշվառման և անցակետային վերահսկողության բաժիններում: Ուղևորը չի խուսափել զննումից, չի թաքցրել ուղեբեռը: Այն եղել է նորմայի շրջանակներում: Ինքնաթիռի մուտքի մոտ ոչ մեկ չի առաջարկել ուղևորին կրկնակի զննել նրա ուղեբեռը և չի հայտնաբերել նրա մոտ այս օրենքի 78 կետով սահմանված քաղաքացիական օդանավերով օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաներ, նյութեր, միացություններ և սարքավորումներ: Հարց՝ ինչի՞ հիման վրա է աշխատակազմն արգելել ուղևորի թռիչքը:

Այս օրենքում սահմանված է, թե ուղևորի կողմից որ գործողություններն են ենթակա կանխարգելման և պատժելի: Այն է՝

  1. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողություններն են`

ա) թռիչքի ընթացքում գտնվող օդանավի զավթումը,

բ) գետնի վրա գտնվող օդանավի զավթումը,

գ) օդանավակայաններում և թռիչքում գտնվող օդանավում պատանդներ վերցնելը,

դ) օդանավ, օդանավակայան և աերոնավիգացիոն միջոցներ ու ծառայություններ ապօրինի ներխուժելը,

ե) օդանավակայանում և օդանավում հանցավոր նպատակներով զենքի, վտանգավոր սարքավորումների ու նյութերի տեղադրումը,

զ) կեղծ տեղեկատվության հաղորդումը, որը վտանգի տակ է դնում թռիչքում և գետնի վրա գտնվող օդանավի, ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունն օդանավակայանային համալիրում կամ քաղաքացիական ավիացիայի համակարգի ծառայությունների տարածքներում:

«Զվարթնոցի» հարգելի անվտանգություն, թվարկված կետերից ո՞րի տակ են տեղավորվում ուղևոր Ն. Բաղդասարյանի գործողությունները հիշյալ միջադեպի ժամանակ, և ո՞րի պատճառով է նրան արգելվել օգտվելու թռիչքի իր իրավունքից և ո՞ր կետի համապատասխան է ձեր աշխատակիցը պատրաստվել «վնասազերծել» ուղևորին՝ «սիլլելու» սպառնալիք հնչեցնելով նրա հասցեին:

Եվ վերջին հարցը պատասխանատու բոլոր մարմիններին: Որոշման 139 կետում ասվում է. «Օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու նպատակով դիմած քաղաքացիները մինչև աշխատանքի ընդունումը պետք է անցնեն հարցազրույց` նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարին մեկ անգամ պարբերական բժշկական զննում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով»:

Համապատասխանու՞մ են արդյոք միջադեպը հրահրած հիշյալ երկու երիտասարդներն այս կետում արձանագրված բոլոր պահանջներին՝ ունե՞ն արագ կողմնորոշվելու, ընդհանուր վարվելակերպի, հուսալիության, բժշկի կողմից հաստատված ադեկվատության որակներ:

Հարգելի գործընկերներ, իմ կողմից այս խնդիրը հանրայնացնելը և խորությամբ ուսումնասիրելը բոլորովին այն նպատակով չէ, որպեսզի ես ստանամ ավիատոմսի փոխհատուցում: Ես ինքս կարող եմ գնել այն և ուղևորվել Մոսկվա: Ինչը և պատրաստվում եմ անել: Չկա նաև վիրավորված էգոյի դրսևորում, քանի որ, եթե դա տեղի ունեցած լիներ փողոցում, ես երիտասարդների պահվածքը կվերագրեի վատ դաստիարակությանը, կհայտնեի իմ կարծիքը նրանց մասին ու կանցնեի առաջ:

Այստեղ, խնդիրը, ցավոք խորքային է: Օդանավակայանի անձնակազմի ներկայացուցիչները տվյալ պետության դեմքն են, որոնց երկիր ժամանող և երկիրը լքող հյուրը տեսնում է առաջինը ու համապատասխանաբար՝ վերջինը:

Օդանավակայանի անվտանգության ծառայությունը և ՀՀ ոստիկանությունն այն կառույցներն են, որոնք կոչված են ապահովելու քաղաքացու և ուղևորի անվտանգությունը՝ օրենքով սահմանված կարգի շրջանակներում: Իսկ ես, օրինակ, այսուհետ գիտեմ, որ եթե ռազմավարական նշանակության օբյեկտ հանդիսացող այդ տարածքում՝օդանավակայանում, կարող են ինձ սպառնալ «սիլելով» ու արդարացվել, կարող են թույլ տալ օրենքի մի շարք խախտումներ ուղևորների նկատմամբ ու մնալ առանց պատիժ, ապա ՀՀ այլ ոլորտներից ունենալ լավագույն սպասելիքներ, իմաստ չկա: Ցավոք:

Նաիրա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031