
Հաշվի առնելով, որ հ/կ-ն զբաղվում է նաեւ քիմիկատների, օրգանական երկրագործության հիմնախնդիրներով եւ դրա շրջանակներում կրթական, տեղեկատվական, հետազոտական ծրագրերի իրականացմամբ, մենք նաեւ տիկին Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե այսօ՞ր էլ քիմիկատները լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության ոլորտում: Փորձագետի խոսքերով՝ ներկայումս քիմիկատները բավականին թանկ արժեն, եւ ամեն գյուղացի չէ, որ կարող է այն օգտագործել, եւ չնայած նրան, որ աշխարհը ձգտում է էկոլոգիապես մաքուր միջոցներ կիրառել, հայկական բազմաթիվ գյուղերում դեռեւս քիմիկատներ են օգտագործում: Մինչդեռ, ըստ տիկին Սիմոնյանի, կան բնական ու անվճար մեթոդներ, որոնք կազմակերպությունը ներդնում է գյուղական համայնքներում:
Հ/կ-ի փորձագետի խոսքերով՝ «Շատ գյուղացիներ նույնիսկ չգիտեն, թե ինչպես պետք է այդ քիմիկատներն օգտագործեն, որովհետեւ մասնագետ չեն, եւ փաստորեն դրանք կիրառելով՝ կարող են էկոլոգիապես ոչ մաքուր գյուղմթերք աճեցնել եւ իրացնել: Մեր կազմակերպությունը գյուղացիներին առաջարկում է բուսական թուրմեր, որոնք գյուղացիները կարող են իրենք էլ ստանալ: Մենք պատրաստման մեխանիզմը սովորեցնում ենք, եւ այս թուրմերը, որոնք գյուղատնտեսության մեջ կարող են օգտագործել որպես քիմիկատին ալտերնատիվ միջոց, անվճար են»: Մեր այն հարցին էլ, որ գուցե դա աշխատատար եւ ժամանակատար մեթոդ է, եւ գուցե այդ է պատճառը, որ գյուղացիները նախընտրում են վճարովիից օգտվել ու միանգամից պատրաստի քիմիկատ ունենալ, տիկին Սիմոնյանն ասաց. «Այո, այդ թուրմերը պատրաստելը ժամանակատար է, բայց այդ բույսերը գրեթե ամենուրեք աճում են, եւ այնքան էլ բարդ չէ թուրմ պատրաստելը, բացի այդ, ի վերջո գյուղացին ստիպված չի լինի գնալ քաղաք, մեծ գումարներ ծախսել ու անհայտ ծագման քիմիկատ գնել: Կան գյուղացիներ, որոնց հետ աշխատել ենք, հաճույքով նախընտրում են բնական եղանակով պատրաստված թուրմերը, որոնց շնորհիվ եւ գյուղմթերքն է էկոլոգիապես մաքուր լինում, եւ որակն էլ չի տուժում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































