
Ըստ ամենայնի, դատելով զարգացումների տրամաբանությունից` ՀՀԿ-ն Շիրակի մարզից ետ է քաշվում գլոբալ առումով, ինչն, իհարկե, առանձին դիտարկման առարկա է, որին կանդրադառնանք այլ առիթով և այլ հրապարակման շրջանակում:
Այստեղ խնդիրը միայն ֆունկցիոներների փոփոխությունը չէ, այլ նաև ներկուսակցական որոշակի դասավորումների և վերադասավորումների նուրբ դրսևորումը: Վարդան Ղուկասյանը համարվում էր Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը: Պատահական չէ, որ ըստ էության հենց Աբրահամյանին է վերապահվել Ղուկասյանին ճանապարհելու «առաքելությունը»: Այսինքն` Ղուկասյանի հեռացումը որոշակիորեն նշանակում է նաև Հովիկ Աբրահամյանի դիրքերի թուլացում ՀՀԿ-ում: Թուլացում ոչ միայն այն իմաստով, որ Ղուկասյանը հեռանում է, այլ որովհետև Հովիկ Աբրահամյանը չի կարողանում նրա փոխարեն այլ մարդ առաջ մղել Գյումրիում, և քաղաքը «հանձնվում» է Բալասանյանին:
Կասկած չկա, որ Աբրահամյանի դիրքերի թուլացումը` թեկուզ միայն այս ուղղությամբ, ըստ էության անդրադառնալու է նաև նախագահական ընտրություններից առաջ տեղի ունենալիք զարգացումների վրա: Եվ մի հանգամանք էլ այդ առումով. Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում իշխանության մեջ կատարում էր կարծես թե միայն իր խնամի Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջնորդի ֆունկցիան: Ներկայումս կարծես թե Ծառուկյանն ու Սարգսյանը հարաբերվում են առանց միջնորդի: Նրանք միասին Ծաղկաձորում էին, հիմա միասին պատրաստվում են մեկնել Լոնդոն` Օլիմպիադայի: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի միջնորդական ֆունկցիան դառնում է ավելորդ, իսկ այլ կարևոր ֆունկցիա Սերժ Սարգսյանը նրան կարծես թե չի թողել:
Կարդացեք նաև
Այսինքն` ՀՀԿ-ում նկատելի է լուրջ բևեռներից մեկի էական թուլացման գործընթաց, ինչը նախագահական ընտրություններից առաջ կարծես թե խոստանում է ներիշխանական ուժերի նոր վերադասավորում:
«Ժամանակ»


















































