
Ինձ համար Հայաստանն աշխարհի բազմաթիվ պետություններից մեկն էր: Հպարտ չէի, որ հայ եմ: Երջանիկ կլինեի, եթե այլ ծագում ունենայի: Հայերն ինձ համար աշխարհի ամենա-ամենաները չէին: Հայկական երաժշտություն չէի լսում, կարդում էի արտասահմանյան գրականություն: Հետո, որ մի քիչ մեծացա, հայ գրականության գրեթե ամբողջ դպրոցական ծրագիրը կարդացի ու չսիրեցի Րաֆֆուն ու Մուրացանին, Վարդանանքն էլ մի քանի էջից առաջ չգնացի: Փոխարենն ինձ դուր եկան Հրանտ Մաթևոսյանն ու Բակունցը, Շահնուրի «Նահանջ առանց երգին», որի հերոսի աստիճանական ձուլման պատմությունը մինչև հիմա աչքիս առաջ է:
Դեմ չէի թուրք ընկերներ ունենալուն: Ասում էի՝ ամեն ազգի մեջ էլ լավ ու վատ կա: Ասում էի՝ ռուսներն ավելի վտանգավոր են մեզ համար, ու էդպես լրիվ ազգի դավաճան էի դուրս գալիս: Ժամերով վիճում էի պատմության դասախոսիս հետ՝ պնդելով, որ մեր գլխին գալիքները մեր էշ խելքից են, որ մենք ընտրյալ ազգ չենք:
Սխալ հայ էի, որովհետև հանուն հայրենիքի չէի մեռնի: Եթե հանուն ինչ-որ բանի էր, ուրեմն պիտի ապրեի:
Կարդացեք նաև
Հիմա էլ առանձնապես բան չի փոխվել. իմ օդ ու ջրին կարոտ չեմ, կարող եմ ապրել առանց ամեն առավոտ Արարատը տեսնելու, կարող եմ զզվել Հայաստանից ու կարող եմ զզված հեռանալ: Հիմա էլ եմ ասում, որ Հայաստանն աշխարհի լավագույն պետությունը չէ: Կներեք, բայց ես հայրենասեր չեմ: Գուցե ուրացող եմ, դավաճան եմ, բայց իմ լեզուն հայերենն է, իսկ դա փոխել չեմ կարող և չեմ ուզում: Պիտի հայերեն խոսեմ մինչև կյանքիս վերջ, որտեղ էլ լինեմ: Ու պիտի գամ, ապրեմ Հայաստանում, բայց ոչ որովհետև այն իմ հայրենիքն է, ոչ որովհետև առանց Հայաստանի չեմ կարող: Ուղղակի հավատում եմ, որ տարիներ անց դպրոցում հայրենասիրական թեմաներով շարադրություններ չեն հանձնարարելու, որ չեն սովորեցնելու՝ հանուն հայրենիքի ծնողներին սպանելը լավ բան է, ու դասագրքերում Հրանտ Մաթևոսյանին ավելի շատ էջեր են հատկացվելու, քան Մուրացանին ու Րաֆֆուն:
Բյուրակն ԻՇԽԱՆՅԱՆ



















































Ատում եմ հայ ժողովրդին և չեմ կարող ասել հպարտ եմ,որ հայ եմ:Ձեզ շատ լավ եմ հասկանում: