Լրահոս
Օրվա լրահոսը

«Քչերը գիտեն, շատերը` չգիտեն»

Հունիս 27,2014 13:45

Արամ Գեւորգյանը՝ իր բլոգի մասին

Արամ Գեւորգյանը (լուսանկարում) միջազգային հարաբերությունների մագիստրոս է, ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը: Քսանչորսամյա երիտասարդի ֆեյսբուքյան էջը հետաքրքիր տեղեկատվության մի մեծ շտեմարան է հիշեցնում, որտեղ ամեն մարդ իր հետաքրքրություններին հարող որեւէ բան անպայման կգտնի: Բլոգոսֆերայում ճանաչված՝ «Քչերը գիտեն, շատերը՝ չգիտեն» բլոգը նույնպես Արամին է պատկանում. հիմնադիր-հեղինակն է: «Մինչ բլոգ բացելը հետաքրքիր տեղեկատվությամբ «կիսվում» էի ֆեյսբուքյան ընկերներիս հետ: Հիմա էլ շարունակում եմ այդ ավանդույթը: Դեռ այդ ժամանակներից ընկերներս ասում էին, որ ավելի ճիշտ կլինի դա կայքի պես մի տեղ հավաքեմ, որպեսզի մյուսներն էլ հնարավորություն ունենան կարդալու: Եվ ահա, հունվարի 26-ին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրվան ընդառաջ, որոշեցի նյութ պատրաստել՝ աշխարհի բանակներում ընդգրկված կանանց մասին՝ չմոռանալով նաեւ հայ կանանց ու աղջիկներին: Քանի որ 40-ից ավելի լուսանկար պետք է տեղադրեի, մի փոքր երկար ստացվեց: Ընկերներիցս մեկն առաջարկեց, որ, այնուամենայնիվ, նման նյութերը ավելի նպատակահարմար է հենց բլոգում տեղադրել»,- վերհիշում է Արամը: Նա սկսում է առաջին ուսումնասիրությունն ու քայլերը blogspot բլոգային հարթակում: Հետո արդեն բլոգին է միանում նույնանուն ֆեյսբուքյան էջը: Ի վերջո Արամը պաշտոնապես բլոգեր է կնքվում: Բլոգը պաշտոնապես սկսել է գործել 2014 թ. հունվարի 30-ից: Առայսօր հրապարակվել է 132 նյութ, դեռ 80-ի չափ էլ սեւագիր ունի, որոնք պետք է թարգմանի եւ ուսումնասիրի: Արամի խոսքով՝ ավելի լավ է նյութերը քիչ լինեն, բայց՝ որակով:

«Ես կյանքում այդպիսին եմ. այն, ինչ հասանելի է շատերին, ինձ վանում է կամ, ավելի ճիշտ, չի գրավում: Ըստ իս, պարտադիր չէ, որ հասարակության մեծամասնությունը ճիշտ լինի: Նյութերիս ընտրությունն էլ նույն սկզբունքով եմ կատարում: Եթե ինչ-որ տեղեկատվություն արդեն հասցրել է մի քանի անգամ արծարծվել համացանցում, ես դրան չեմ անդրադառնա: Շատ հաճախ, ուղղակի օտարալեզու կայքերից մեկում կկարդամ մի հետաքրքիր բանի մասին, կամ փողոցով քայլելիս կսկսեմ մտածել, թե ինչո՞ւ է այս բանը այսպես կոչվում կամ ինչի՞ համար է դա: Եվ ահա, վերցնում եմ այդ միտքը, զարգացնում, ծավալվում՝ երբեմն ինձ համար ավելորդ գործ ստեղծելով, բայց ամեն կողմերից ուսումնասիրում եմ: Եթե նյութի հետ նաեւ նկարներ կան, նույնպես զետեղում եմ բլոգային գրառմանս մեջ: Հիշում եմ նման մի նյութ, վերնագիրը՝ «Ամենատարօրինակ զինվորական համազգեստներ», որտեղ ներկայացված էին տարբեր պետությունների բանակների, հիմնականում շքերթների համար նախատեսված համազգեստները, որոնք երբեմն ծիծաղելի էին: Նյութին հենց այդ տեսանկյունից էլ մոտեցա՝ ընտրելով ծիծաղելի զինվորական համազգեստները: Հետո կարդացի այդ նյութի մեկնաբանությունները, մի քանի բան ես ինքս որոնեցի, ու հասկացա, որ բացի ծիծաղելի լինելուց, դրանք նաեւ պատմական տարրեր են պարունակում, ու այն, ինչը մեզ երբեմն ծիծաղելի է թվում, իրականում կարեւոր նշանակություն ունի այդ պետության պատմության համար: Եվ այդպես ամեն մի համազգեստի տակ, որքանով որ հնարավոր էր, փորձեցի իրական պատմությունը ներկայացնել. արդյունքից գոհ էի: Ընդհանրապես, չեմ սիրում, երբ ընդհանուր բաների շուրջ սահմանափակվում են սուբյեկտիվ տեսակետով եւ չեն փորձում մեդալի հակառակ կողմն էլ տեսնել: Դրան՝ վառ ապացույց. երբ ամբողջ համացանցում նյութը տարածվում է որպես զվարճալի նյութ, բայց իրականում այն իր մեջ լրջության մեծ չափաբաժին ունի: Ես, համենայնդեպս, փորձեցի մի փոքր օբյեկտիվություն մտցնել»:
Արամը, չնայած իր «մկրտությանը», իրեն բլոգեր չի համարում, քանի որ բլոգերները սովորաբար իրենց սեփական մտքերն են տարածում բլոգում, ինքն ուղղակի մեկնաբան է՝ մարդկանց ու հետաքրքիր տեղեկատվության միջեւ: Հայկական բլոգոլորտով էլ շատ չի հետաքրքրվում. «Իմ ֆեյսբուքյան ընկերների շարքում են այն փոքրաթիվ բլոգերներն ու ստեղծագործողները, որոնց ճիշտ ուղու վրա եմ տեսնում: Անկեղծ ասած, իմ բլոգի պես տեղական նման էջերի, որպես այդպիսին, չեմ հանդիպել: Իմ սկզբունքն է՝ եթե որոնումները մարդուն կբերեն իմ բլոգ, ուրեմն որեւէ նյութ կարդալուց հետո պետք է ոչ մի անպատասխան հարց չմնա: Ես այնքանով եմ բլոգեր-ստեղծագործող, որքանով որ ես եմ ընտրում, թե ինչի մասին գրեմ, մտքումս ծագած հարցերի պատասխաններն եմ փնտրում ու կիսվում մյուսների հետ: Իսկ դա արդեն եղավ մտավոր սեփականություն»:
Բլոգի հետ կապված հետագա ծրագրեր դեռեւս չունի: Եթե շարունակի նույն ոգով՝ պլանավորում է հետագայում անձնական կայք ունենալ: Փոփոխվում են Արամի՝ բլոգային գրառումների թեմաները, բայց ձգտումն անփոփոխ է. հնարավորինս անաչառ լինել, որպեսզի ընթերցողի սպասելիքներն արդարանան. չէ՞ որ բլոգերը փորձում է գրել այնպիսի նյութեր, որոնք հենց ինքը կհավաներ ու կընթերցեր:

Արամի բլոգին կարելի է ծանոթանալ https://ashxarhishurj. blogspot.com/ հարթակում:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30