
Այն, որ տարբեր համայնքներում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն համագործակցում են՝ սատարելով մեկը մյուսի առաջադրած թեկնածուին, ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ է համարում եւ որեւէ արտառոց բան դրանում չի տեսնում: Նա բնական է համարում նաեւ այն, որ որոշ տեղերում առաջադրվեցին նույն կուսակցությունը ներկայացնող մի քանի թեկնածուներ: Գտնում է, որ արդյունքում նաեւ կուսակցական ղեկավար մարմինները հնարավորություն ստացան ճիշտ կողմնորոշվել, թե ո՞ր թեկնածուն է ավելի ժողովրդականություն վայելում եւ տվյալ անձին սատարելու որոշումներ կայացրեցին:
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ ինչպես ԱԺ, այնպես էլ ՏԻՄ ընտրությունները ցուցիչ են առաջիկա նախագահական ընտրությունների համար եւ սեպտեմբերյան ընտրություններով, փաստորեն, հնարավորություններ կլինեն նաեւ հստակ դատողություններ անել առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս համատեքստում Սուքիաս Ավետիսյանը նկատեց. «Այսօր արդեն պարզ է, թե ԱԺ-ում ընդդիմությունը քանի մարդով է ներկայացված: Սեպտեմբերի 23-ից հետո պարզ կլինի, թե քանի մարդով է ընդդիմությունը ներկայացված տեղական ինքնակառավարման մարմիններում եւ, բնական է, որ եթե տեղերում ընդդիմությունը չունի իր կազմակերպիչը, իր համայնքապետը, նախագահական ընտրություններում արդեն կարող ենք պարզ ասել, թե ընտրությունը որոշակի ինչ կշիռ կունենա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































