Պատճառները ներկայացնում է տնտեսագետ Գագիկ Մակարյանը
Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձում է փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել՝ արտոնություններ սահմանել, այդուհանդերձ, նույնիսկ միջազգային կառույցներն են արձանագրել, որ ՓՄՁ-ն մեր երկրում զարգացում չի ապրում:
Թեեւ ՓՄՁ զարգացման համար որոշակի արտոնություններ կան, սակայն ինչպես մասնագետներն են վստահեցնում, փոքր ու միջին ձեռնարկատերերը պետք է կարողանան պարբերաբար ներդրումներ կատարել սեփական բիզնեսում, իսկ այդ ներդրումները սովորաբար վարկերի միջոցով են արվում, բայց այդ գործարարները խուսափում են վարկեր վերցնել: Սա արձանագրել են նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում սա հաստատեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Այն, որ մեր երկորւմ ՓՄՁ վարկավորման ոլորտում լուրջ տեղաշարժեր չկան, ինչպես պարոն Մակարյանն ասաց՝ պատճառները բազմաթիվ են. «Խնդիրը միայն բանկերի եւ կազմակերպությունների միջեւ չէ: Կան խնդիրներ օրենքների եւ մրցակցության դաշտում, որոնք չեն շահագրգռում բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի գնան բանկեր՝ վարկեր վերցնեն: Առաջին կարեւոր խնդիրն այն է, որ շուկայում դեռեւս տիրում են անհավասար մրցակցային պայմաններ, եւ ՓՄՁ-ի մեջ կա վախ, որ ֆորս-մաժորային իրավիճակում կարող է հայտնվել: Այսինքն՝ հնարավոր է խոշորը ՓՄՁ-ից բիզնեսը խլի, կամ նույն բիզնեսը կրկնի ու ավելի հզոր մասշտաբով, կամ էլ հարեւանությամբ նմանատիպ ընկերություն ստեղծի, ու այդպես ՓՄՁ-ն դուրս է մնում մրցակցությունից»: Ըստ պարոն Մակարյանի՝ ամենակարեւոր խնդիրը, որ ՓՄՁ-ն վարկեր չի կարողանում վերցնել, ձեռնարկությունների ցածր արտադրողականությունն է, որը մեծամասամբ պայմանավորված է հին սարքավորումներ ունենալով, կառավարման ցածր համակարգով եւ մենեջմենթի խնդիրներով. «Իսկ վարկեր վերցնելու դեպքում պետք է կարողանան այդ վարկերը վերադարձնել, իսկ վերցրած վարկն էլ պետք է ուղղվի ձեռնարկության մոդեռնիզացիային, իսկ սրա համար ավելի մեծ գումարներ են պետք, սակայն իր ներկայիս ցածր արտադրողականությունը երաշխիք չի ստեղծում, որ այդ վարկերը կարող է մարել, եւ խուսափում են ավելի մեծ վարկեր վերցնել»:
Գագիկ Մակարյանի խոսքերով՝ ՓՄՁ-ների համար կառավարության սահմանած արտոնություններից օգտվելն այնքան էլ դյուրին գործ չէ. օրինակ՝ եթե հարկային կամ մաքսային արտոնություններ են տրվում այն ձեռնարկություններին, որոնք որոշակի ծավալի նոր սարքավորումներ պիտի ներմուծեն, իսկ կառավարության այդ ծրագրից օգտվելու համար բիզնես-ծրագիր է պետք ներկայացնել, այ, հենց այստեղ ՓՄՁ ներկայացուցիչները լուրջ խնդիրների հետ են բախվում: Մեր զրուցակցի խոսքերով՝ այդ ծրագրով բիզնեսմենները պետք է մանրակրկիտ ու ստույգ տվյալներ ներկայացնեն տարբեր գերատեսչություններին, որոնք էլ պետք է բալեր նշանակեն. «Օրինակ՝ պետք է նշեն արտադրանքի ծագման երկիրը, անվանումը, քանակը, ընկերությունների անվանումները, բայց հաճախ լինում է, որ թվերը փոփոխելու կարիք է լինում, իսկ ՊԵԿ-ը հրաժարվում է այն ճշգրտել, եւ, փաստորեն, ՓՄՁ-ն զրկվում է արտոնությունից, հետեւաբար նաեւ վարկ վերցնելու շանսից: Կարծում եմ՝ պետք է ՊԵԿ-ին հնարավորություն տալ, որպեսզի այս առումով ճկուն աշխատի եւ կարողանա տեղում այդ թվերի ուղղումն անել»:
Մասնագետի համոզմամբ՝ ՓՄՁ-ի վարկավորման գործընթացն էլ պետք է պարզեցնել, շատ հաճախ բանկերն էլ նախընտրում են խոշորների հետ աշխատել. «Որովհետեւ բանկերի համար նույն ծանրաբեռնված աշխատանքն է թե փոքրին, թե խոշորին վարկ տալու առումով, ուստի բանկերը գերադասում են խոշորների հետ աշխատել, քանի որ մեծ գումար են տրամադրում. սա ավելի ձեռնտու է: Բացի այդ՝ խոշորներն ավելի կանխատեսելի են բանկերի համար եւ ավելի հաստատուն եւ երաշխավորված են, քան փոքր բիզնեսը: ԱՄՆ-ում փոքրերը վարկ ստանալու համար ընդամենը մեկ թերթիկ են լրացնում եւ վարկ ստանում»:
ՓՄՁ-ն զարգացնելու համար պարոն Մակարյանը կոչ է անում պետական գնումների համակարգը ծառայեցնել հօգուտ տեղական արտադրողի՝ նրանց խթանելու համար: Գագիկ Մակարյանի խոսքերով՝ «Այսօր օրենքն ասում է՝ եթե մրցույթին հավասար պայմաններում հայտնվեն տեղական ու արտասահմանյան արտադրողները, ապա այս դեպքում առավելությունը պետք է տրվի տեղականին: Իսկ շատ երկրներում առավելությունը տալիս են տեղական արտադրողին, եթե նույնիսկ 10-15% ավելի թանկ գին առաջարկի: Մեր պետգնումների շրջանակներում հարյուրավոր միլիոններ են ծախսվում, իսկ եթե այդ միլիոնները ծախսվեն տեղական ՓՄՁ-ի արտադրությունները գնելու վրա, սա լուրջ խթան կլինի, որ նույն այդ ՓՄՁ-ն ռիսկով վարկ վերցնի ու զարգացնի իր բիզնեսը: Բացի այս, գնումների պրոցեսը պետք է լինի թափանցիկ, եւ էլեկտրոնային տարբերակով հնարավոր լինի ամբողջ գործընթացին սկզբից մինչեւ վերջ օնլայն հետեւել»: Պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ այսօր նույնիսկ հստակ վերլուծություններ էլ չկան արտաքին եւ ներքին շուկաների մասին, որպեսզի ՓՄՁ-ն կողմնորոշվի, թե ինչպես ծրագրի իր բիզնեսը եւ հասկանա, թե իրեն ինչ է սպասվում որոշակի արտադրության դեպքում:
Գագիկ Մակարյանի ներկայացմամբ՝ «Տեսչական ստուգումները որոշակի մասով պետք է փոխարինվեն ուսումնասիրություններով. եթե դու հայտնվել ես ռիսկային գոտում, միայն այդ դեպքում ենթարկվես ստուգման: Այս ուսումնասիրությունների մոդելը եւ չափանիշները լինեն թափանցիկ: Ստուգող մարմինները ուսումնասիրության անվան տակ առիթ են փնտրում, մտնում են ձեռնարկություն եւ իրականում ոչ թե ուսումնասիրում են, այլ ստուգում եւ անհանգստացնում գործարարին: Այս խնդիրներն են, որ խոչընդոտում են ՓՄՁ-ի զարգացմանը եւ վարկեր վերցնելուն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ