
Հանձնաժողովը սպառողներին մոլորեցնելու, անբարեխիղճ մրցակցություն վարելու համար «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ», «Մանգո», «Սեմի Ինտերթրեյդ» տնտեսվարողներին կտուգանի: «Մանգո» հագուստի խանութն էլ զեղչային քաղաքականությամբ էր սպառողներին խանութ հրավիրել: Հայտարարելով զեղչ ողջ տեսականու վրա, «Մանգոն» իր խանութւոմ ունեցել է նոր ապրանքների խմբաքանակ, որոնք բոլորովին էլ զեղչված չեն եղել: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով, այսօր, հաճախորդ գրավելու համար, նման զեղչային քաղաքականություն բազմաթիվ խանութներ են վարում, ուստի պարոն Շաբոյանը սպառողներին կոչ արեց նման փաստերի հանդիպելիս դիմել ՏՄՊՊՀ:
«Սեմի Ինտերթրեյդ» ընկերությունն էլ չգրանցված ապրանքանիշի վաճառքով խոչընդոտել է այլ ընկերության գործունեությանը: Հանձնաժողով է դիմել «Լիմեթ լիմիթեդ» ընկերությունը` բողոքելով, որ շուկայում հայտնվել են իր ապրանքանիշով եւ նույն փաթեթավորմամբ մանկական տակդիրներ եւ թաց անձեռոցիկներ, որոնց վրա նշված է, թե տվյալ ապրանքների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Սեմի Ինտերթրեյդ»-ը: Մինչդեռ այդ ապրանքատեսակների բացառիկ պաշտանական ներկայացուցիչը մեր երկրում` «Լիմեթ լիմիթեդ»-ն է:
Հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ, այդ երեք տնտեսվարողների նկատմամբ էլ կկիրառվի խիստ պատժաչափ, սակայն առայժմ տուգանքի չափը հանձնաժողովը չէր կարող հրապարակել` պատճառաբանելով, որ դիմել են պետական եկամուտների կոմիտեին` այդ տնտեսվարողների տարեկան հասույթը ճշտելու համար եւ մինչ այժմ պատասխան չեն ստացել: Ըստ Ա. Շաբոյանի, ՏՄՊ նոր օրենքով տուգանքը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































