
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադեւոսյանը այսօր՝ սեպտեմբերի 24-ին, դիմել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ հայտնել, որ գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սեդրակյանը, իր համախոհներ՝ ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը եւ նրա որդին՝ 17-ամյա Շանթ Բագրատյանը, երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, երբ տեսնում են, որ ձայներն ի օգուտ իրենց թեկնածուի չի, ներխուժում են նշված գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցնում են քվեաթերթիկների մի մեծ մաս եւ փորձում են հեռանալ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իսկ երբ ընտրատեղամասում քվեարկություն կատարող Ոստիկանության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, Ոստիկանության կապիտան, 33-ամյա Արմեն Բակունցը փորձել է կանխել Բագրատյանների գործողությունները, նախկին մարզպետի ոդրին հրել եւ վայր է գցել Ա. Բակունցին, ինչի հետեւանքով ցրիվ են գալիս դուրս բերված քվեաթերթիկները: Այդ ամենից հետո Սերգեյ Բագրատյանը, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տալով, գլխով հարվածել է Ա. Բակունցի դեմքին: Հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել, իսկ ավելի ուշ Ա Սեդրակյանը եւ Ս. Բագրատյանը բերման են ենթարկվել ոստիկանություն:
Ոստիկանությունից նաեւ հայտնել են, որ փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:


















































