Այսօր Շիրակի մարզի ամենամեծ գյուղերից մեկում` Ազատանում, մի քանի միջազգային հիմնադրամների` CARD, OPES և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ բացվեց գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն: Սա Սյունիքից հետո հանրապետության երկրորդ տեղանքն է, որտեղ անասնաբուժական ծառայությունների մատուցման, տարբեր հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակով ներդրվում է ժամանակակից այս մոդելը:
Այստեղ վաճառվելու է նաև անասնաբուժական դեղորայք, անասնաբուժական ու անասնապահական սարքավորումներ, արտերկրից հրավիրված մասնագետներն էլ պարբերաբար ուսուցողական դասընթացներ են կազմակերպելու մեր անասնաբույժների ու սննդի անվտանգությամբ զբաղվող մասնագետների համար:
Կարդացեք նաև
Այս կառույցի բացման արարողությանը մասնակցում էր նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Տեսնելով ՕԵԿ-ական նախարարին, որն, ի դեպ, վերջին անգամ Շիրակի մարզ էր այցելել ԱԺ ընտրություններից երկու օր առաջ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է լինելու այն գյուղերի վիճակը, որտեղ գյուղացիները խոտի թանկացման պատճառով ուզում են սպանդանոց ուղարկել իրենց անասուններին: Մենք նման բողոքներ լսել էինք Գուսանագյուղից, Մարամաշենից, ըստ գյուղացիների, կերը շատ է թանկացել, հետևաբար և միակ ելքը անասնագլխաքանակը ոչնչացնելն ու հայրենիքից հեռանալն է: «Էդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հանրապետությունը լրիվ խոտով ապահովված է: Ճիշտ է օգոստոս ամսին որոշ անհատ տնտեսություններ սպեկուլյացիա կազմակերպեցին և սկսեցին գինը բարձրացնել, բայց դա տևեց ընդամենը մի քանի օր, մի քանի շաբաթ և դրանից հետո գները նորից եկան իրենց բնականոն մակարդակի վրա: Հիմա հանրապետությունում խոտը կա, մենք նույնիսկ էնպիսի միջոցներ ձեռնարկեցինք, որը նախորդ տարիներին չէր ձևավորվել. բոլոր մարզպետներին, մարզպետարաններին, համայնքներին նույնիսկ հորդորեցինք , որ հացահատիկային կուլտուրաները հավաքելու դեպքում նրա մնացորդները չայրեն, որովհետև նախորդ տարիներին այրում էին: Այս տարի լրիվ հավաքել են, պահեստավորված է, եթե նույնիսկ պատրաստ չէ, դա կբերի դրա լրացման: Ես ընդհանրապես հայտարարում եմ, որ մենք խոտի պակաս չենք ունենալու այս տարի, ճիշտ է որոշակի գնի բարձրացում եղավ, բայց դա չի նշանակում, որ մենք ապահովված չենք խոտով», – ասաց նախարարը:
Նա նաև հավաստիացրեց, որ պետությունը շատ մեծ միջոցներ է ներդնում, որպեսզի զարգանա անասնապահությունը: «Իհարկե մեզ մոտ դեռ շատ չլուծված խնդիրներ կան, մեզ մոտ դեռ անասնագլխաքանակի մթերատվությունը ցածր է, մեր հանրապետության միջինը շատ ցածր է, մենք ձգտում ենք դա բարձրացնել: Երկրորդ տարվանից ուզում ենք հանրապետությունում իրականացնել արհեստական սերմնավորման մասսայական գործընթաց, որը կբերի անմիջապես անասնագլխաքանակի մթերատվության բարձրացմանը` և մսատվության և կաթնատվության: Հենց այս կայանի ստեղծումը նույնպես դրա նպատակն ունի,այս կայաններով պետք է կարողանանք ժամանակին ախտորոշել, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, բուժել անասնագլխաքանակը, բացի դա ուսուցում կազմակերպել գյուղացիական տնտեսությունների համար»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարարի հետ զրուցելուց հետո մոտեցանք այս նույն իրադարձությանը մասնակցող գյուղապետերից մեկին` Ահարոն Ոսկանյանին, ով մեզ տեսնելուն պես, դժգոհեց, որ տևական ժամանակ է երաշտ է, խոտի դեֆիցիտ է, չի ճարվում, մի տուկը հասել է մինչև 2000 դրամի, չգիտեն անասուններին ինչպես կերակրել:Մենք գյուղապետին բառացիորեն փոխանցեցինք նախարարի խոսքերը, ով վստահեցնում էր, որ խոտով ապահովել են գյուղերին: «Ապահովելը ո՞րն է , վագոննե՞ր է եկել, օգնությո՞ւն է եկել չգիտե՞նք, մենք մեր ցավով տառապել ենք միշտ էլ, շատ ենք ունեցել մի քիչ ծախել ենք, քիչ ենք ունեցել`յոլա պտի գնանք մի ձևի, անասունին ստիպված պիտի հանենք գարուն, որպեսզի գլխաքանակը չպակասի: Մեր համայնքը անասնապահության հիման վրա է զարգանում, պիտի աշխատենք, որ գլխաքանակը չպակասի, դժվարարություններով պիտի պաշտպանենք, դա մեր միակ հույսն է, մեր հողատարածքները անջրդի են»,- ասաց Ջրառատի գյուղապետ Ահարոն Ոսկանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ