Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրո խնդիրներ հարեւանների հետ նշանաբանը զրոյացրել են». թուրք լրագրողը` Թուրքիայի արտաքին հարաբերությունների մասին

Սեպտեմբեր 26,2012 16:19

Դիարբեքիրում շարունակվում է SATR ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. Մեդիան եւ հայ-թուրքական հարաբերությունները ներկա պահին» Հայաստան-Թուրքիա կլոր սեղանը, որի բանախոսը երեկ Թուրքիայում հայտնի սյունակագիր, «Յենի Շաֆաք» թերթի լրագրող Հիլալ Կապլանն (Hilal Kaplan) էր:

Տիկին Կապլանը այս տարի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված լրագրողական մրցանակաբաշխության երկու մրցանակակիրներից մեկն էր` որպես թուրքական մամուլում հայ-թուրքական հարաբերություներին լավագույնս անդրադարձած լրագրող:

Հիլալ Կապլանն իր խոսքի մեջ անդրադարձավ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածին, որով «թրքությունը վիրավորող, նվաստացնող» գործողությունների եւ արտահայտությունների համար քրեական պատասխանատվություն էր նախատեսվում, եւ որով դատապարտվել էր նաեւ Հրանտ Դինքը: Ըստ Կապլանի` այս հոդվածը շատ սուբյեկտիվ կարող էր գործածվել` մի դատավորը կարող էր ասել, որ թերթի այսինչ հոդվածը նվաստացնում է թրքական ինքնությունը, մեկ ուրիշ դատավոր կարող էր ասել, որ չի նվաստացնում, յուրաքանչյուրն իր անձնական տեսանկյունից կամ քաղաքական մթնոլորտից կախված կարող էր մեկնաբանել քրեական օրենսգրքի այդ հոդվածը:

Տիկին Կապլանն անդրադարձավ նաեւ այլատյացության խնդրին, որի առջեւ կանգնած է թուրք հասարակությունը, երբ միայն թուրքն է լավն ու ճիշտը, իսկ մյուսները` վատն են ու սխալ, սակայն չմոռացավ նշել, որ նման խտրական մոտեցումներ արտահայտող տեսակետներ լինում են նաեւ Արեւմուտքում, օրինակ, Նյու-Յորքի մետրոյում նա տեսել էր պաստառներ, որտեղ գրված էր, թե` «Քաղաքակիրթ մարդիկ պայքարում են բարբարոսների դեմ: Աջակցի’ր Իսրայելին, պայքարիր Ջիհադի դեմ»: Ըստ սյունակագրի` դա մուսուլմաններին նվաստացնող մի սատանայական արտահայտություն է` «ի՞նչ է, Իսրայելը քաղաքակիրթ է, իսկ բոլոր մուսուլմանները` բարբարո՞ս», նա դեմ էր այն տեսակետին, թե Թուրքիայում ամեն ինչ վատ է, իսկ, ասենք, ԱՄՆ-ում ամեն ինչ լավ է:

Բայց դրա հետ մեկտեղ՝ թվարկեց իր երկրի համակարգի թերությունները. «Մեր երեխաները դպրոցում ամեն առավոտ պարտադիր երդվում են, թե իրենք թուրք են, հետեւաբար իրենք աշխատասեր են, իրենք երջանիկ են, եւ անկախ ազգությունից, ամենքը պարտավոր են դա ասել: Նման կերպ ենք մենք կրթում մեր հասարակությունը, եւ դրա արդյունքն է այս վիճակը: Ես ամաչում եմ ասել, բայց «հայ» բառը թուրք հասարակության մեջ հայհոյանքի, ուշունցի մի տեսակ է, «հայի վաստակը» շատ օգտագործվող մի վիրավորանք է, եւ նույնիսկ նախարարներ ունեինք, որ նման արտահայտություններ են օգտագործում: Իմ մասին էլ են, օրինակ, ասում, որ ես հայամետ կամ քրդամետ եմ, որովհետեւ որոշ իրականություններ եմ բարձրաձայնում, որոշ կետերում հակառակ եմ գնում պաշտոնական գաղափարախոսությանը»:

Ի դեպ, երբ Հիլալ Կապլանը խոսում էր այլազգիներին վիրավորող արտահայտություններից, հիշատակեց մամուլում եղած « ամենալավ քուրդը մահացած քուրդն է» արտահայտությունը, այստեղ հանկարծ միջամտեց մեկ այլ թուրք լրագրողուհի` Իփեք Յեզդանին, թե` «ես նման արտահայտություն կյանքում չեմ կարդացել», տիկին Կապլանն անվրդով շարունակեց իր խոսքը, թե` «ես ուրախ եմ, որ նման արտահայտությունն այնքան էլ տարածված չի, դուք էլ երեւի ոչ մի թերթ չեք ընթերցում, որ տեսնեիք», տիկին Իփաքն էլ նեղացավ, թե` «անձնական վիրավորանք եք հասցնում»:

Հիլալ Կապլանը նաեւ նշեց, որ վերջին ժամանակներս, «Արդարություն եւ զարգացում» իշխանական կուսակցության ավելի ազատական մոտեցման արդյունքում մի քիչ ավելի ազատ են արտահայտվում, անգամ կրոնական երեկույթներին այլ կրոնների ներկայացուցիչներ են հրավիրվում եւ այլն.«Այս առումով մեր սիրելի Հրանտ Դինքի սպանությունը շրջադարձային կետ եղավ Թուրքիայի համար: Այն ցույց տվեց, որ այլատյացությունը աննորմալ է, սխալ է, նրանք, ովքեր սպանելով Հրանտին, ուզում էին ուղերձ հղել, թե ահա թե ինչ կարող է լինել այլատյացների, «թուրքական ինքնությունը նվաստացնողների հետ», բախվեցին մեկ այլ իրականության, երբ տեսան, թե ինչպես հարյուր հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին` այդ այլատյացության դեմ, եւ բոլորը «Մենք բոլորս Հրանտ ենք» ասելով մերժում էին այլատյացությունը»:

Նա նաեւ հիշեց, թե ինչպես էր դեռ 2003-ից սկսված հակամիսիոներական քարոզարշավ սկսվել Թուրքիայում եւ անգամ Ազգային անվտանգության խորհրդի ամենամսյա նիստերից մեկում զինվորականները որոշեցին, որ քրիստոնյա միսիոներականները համար մեկ վտանգն են երկրի համար, եւ այդ նիստից հետո լրատվամիջոցներում սկսվեց այլատյացության ուժգին քարոզ` քրիստոնյաների դեմ, ֆիլմեր նկարվեցին եւ այլն, ու այդ հակաքարոզչության արդյունքում ձեւավորված մթնոլորտը դարձավ ոչ միայն Հրանտ Դինքի սպանության խորքային պատճառը, այլեւ Թուրքիայի տարբեր նահանգներում քրիստոնյա միսիոներների. «Այդ ժամանակ Հրանտի դեմ շատ հոդվածներ էին գրվում եւ կարող եմ ասել, որ լրատվամիջոցները մեղսակից էին Հրանտի սպանությանը»:

Տիկին Կապլանը, որ ինքն էլ գլխաշոր էր կրում, ասաց, թե անհանդուրժողական միտումներ կան նաեւ գլխաշորավոր կանանց դեմ` մամուլում նրանց ծաղրում են, նրանց դեմ որոշակի հակաքարոզչություն են անում:

«Հյուրիեթ» թերթը ներկայացնող Իփեք Յեզդանին համաձայն չէր Հիլալ Կապլանի այն մտքին, որ ներկայիս իշխանությունների օրոք որոշակի դրական փոփոխություն կա` այլ կրոնական խմբերի հանդեպ վերաբերմունքի առումով, եւ պնդում էր, որ իրականում այն, ինչ իբր արվում է այդ ոլորտում, ձեւական է, եւ իրականում ոչ մի լուրջ փոփոխություն չկա:

Նա նաեւ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, ասելով, որ Թուրքիան այսօր բազմաթիվ խնդիրներ ունի իր հարեւանների եւ ներքին ազգային խնդիրների հետ կապված.«Թուրքիան այնքան շատ արտաքին խնդիրներ ունի, որ արձանագրությունները եւ Հայաստանի հետ հարաբերությունները վերջին տեղերում են: Այսօր Սիրիայի հարցը, պատերազմի այն լուրջ ակնկալիքը, որի առջեւ հիմա մենք կանգնած ենք, Իրաքի հետ ունեցած խնդիրները, Իրանի հետ խնդիրները, քրդական պրոբլեմը եւ մնացած բոլոր-բոլոր խնդիրները, որոնց առաջ կանգնած է Թուրքիան, ստիպում են մեր երկրին` հայերի հետ հարաբերությունների լավացումը մղել շատ հետին պլան: Այս օրերին արտաքին գործերի նախարար Դավութօղլուն խստորեն քննադատվում է, ասվում է, որ այն նշանաբանը, թե «զրո խնդիր հարեւանների հետ» ,

հիմա զրոյացվել է: Այս բոլորը, որ հաշվի առնենք, վստահ եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների լավացումը դեռ երկար ժամանակ օրակարգում չի լինի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930