Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ. «Եթե բանտ նստեցնեն` կհանգստանամ եւ գիրք կգրեմ, եթե չնստեցնեն` կշարունակեմ պայքարել խաղաղության համար»

Սեպտեմբեր 27,2012 09:16

«Ինձ համար մեծ պատիվ է, որ դուք եկել եք ձեր քաղաքը եւ ինձ հետ հանդիպում եք հիմա: Տիգրանակերտը, Տիգրանամիդը, Ամիդը կամ Դիարբեքիրը` մեր քաղաքի այս տարբեր անուններից որն էլ ուզում եք` տվեք, 8000 տարվա անընդմեջ կյանք ունի, 8000 տարի այս քաղաքում մարդիկ են ապրել, արարել: Այդ ընթացքում մեր եւ ձեր քաղաքը 33 քաղաքակրթությունների օջախ է եղել: Այս քաղաքում իրենց հետքն ունեն հույները, ասորիները, եզդիները, հայերը, քրդերը, սիրիացիները, բյուզանդացիները…. սա բոլորի հալալ քրտինքով ստեղծված քաղաքն է: Ձեզանից ամեն մեկն այստեղ ապրելու նույնքան իրավունք ունի, ինչքան որ ես, որ ծնունդով Դիարբեքիրից եմ: Սա ձեր քաղաքն է»,-նախորդ օրը այս խոսքերով եւ կարմիր վարդերով SATR ծրագրի շրջանակներում կազմակերպված Հայաստան-Թուրքիա կլոր սեղանի մասնակիցներին ընդունեց Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:

Քաղաքապետը, խոսելով նախորդ դարասկզբին ողջ Թուրքիայի տարածքում, այդ թվում` Դիարբեքիրում, հայերի կոտորածի մասին, ասաց. «Մեծ ցավով պիտի ասեմ, որ 20-րդ դարի սկզբին բոլոր հավատքներին պատկանողները, այդ թվում` կրոնապաշտ մուսուլմանները, մեծ ոճրագործությունների են հանդիպել: Այսօրվա սերունդը հերքում է տեղի ունեցածը, որովհետեւ խղճի խայթ է զգում, խիղճը չի տանում, որ նման բան արած լինեն: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր այն նախնիներին, որ չեն մասնակցել, մերժել են այդ ոճրագործությանը մասնակցելը` անգամ զրկանքների գնով: Բայց բոլորի ազգերի թոռներն են ուզում իրենց պապերով հպարտանալ, դա բոլորի իրավունքն է, սակայն, ցավոք մեզնից ոմանց պապերը դարձել են այդ ոճրագործությունների մասնակիցը, եւ մենք իրավունք չունենք հերքելու դա: Վերքը բուժելու համար պետք չէ այն փակել եւ թողնել անընդհատ տնքա, պետք է ընդունենք ցավը եւ բուժենք վերքը: Անցյալին առնչվելը, անցյալի սխալներն ընդունելը նոր սկզբի համար քայլ է, եւ ես հավատում եմ, որ 21-րդ դարը Միջին արեւելքի ժողովուրդների դարն է լինելու եւ բոլոր սահմանները մեր երկրների միջեւ վերանալու են ու մենք մի օր կարողանալու ենք առանց անձնագրի թռնել Երեւան, Դամասկոս, Բաղդադ, Ստամբուլ ու Դիարբեքիր: Դրան հասնելու ճանապարհին առաջին քայլն իրար ընդունելն ու ճանաչելն է»:

Պարոն Բայդեմիրը որոշել է, որ հենց իր վրայից հանվի երկրից դուրս գալու արգելքը, առաջինը գալու է Հայաստան.«Գալու եմ Երեւան եւ իմ Դիարբեքիր քաղաքիս անունից ծաղիկներ եմ դնելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, որպեսզի ցույց տամ, թե որքան եմ տխրում տեղի ունեցածի համար եւ զոհերին փոխանցեմ, որ նոր սերունդը դեմ է, չի ընդունում անցյալի ոճրագործությունը»: Մեկ այլ երազանք էլ ունի քուրդ գործիչը.«Երազում եմ, որ Թուրքիայում կառուցվի Թուրքիայի բոլոր ազգերի` հայերի, ասորիների, սիրիացիների, հույների, քրդերի եւ այլոց համար ընդհանուր ցավի մի հուշարձան, որի շուրջ կհավաքվեն բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերի ներկայացուցիչները եւ միասին կարտասվենք մեր զոհերի ու մեր ցավի համար: Այս տարածաշրջանը այլեւս երբեք չպետք է ողբերգություն տեսնի,չպետք է ընդհանրապես ցավ ապրի, դրա համար պետք է հաղթահարել ցավն ու վրեժը: Երբ Դիարբեքիրը լքեցին հայերը, սիրիացիները եւ մյուսները, մենք հսկա կորուստ ունեցանք, կորցրինք այս տարածքի խաղաղությունը, որն այլեւս չվերադարձավ»:

Պարոն Բայդեմիրը իր եւ իր ազգի փորձով է զգացել ազգայնամոլության վնասները, եւ չկարողացավ լռել այդ մասին.«Ազգայնամոլությունը ամենամեծ փորձանքներից է: 1915-ին էլ,1920-ականներին էլ, այսօր էլ այս երկրում ամենամեծ դժբախտությունն ազգայնամոլությունն էր, որ խլում էր եւ խլում է մարդկային կյանքեր: Մինչեւ այսօր էլ քուրդ եւ թուրք մայրերն արտասվում են այս տարածաշրջանում, այստեղի ժողովուրդը մինչեւ հիմա էլ շատ ցավեր ու տանջանք է տեսել: Ես երկար ժամանակ չէի խոսել այս մասին, ամեն անգամ, որ խոսում եմ` վարչապետը դատական գործ է հարուցում իմ դեմ: Ազգայնամոլությունը Աստծո կամքին հակառակ է: Յուրաքանչյուր կրոնի ներկայացուցիչ պետք է գիտակցի, որ բոլորին ստեղծողը, բոլորի արարիչ Աստվածը մեկն է. ո՞վ է իրավունք տվել մեկ այլ կրոն նվաստացնելու: Աստված է բոլորին տարբեր ստեղծել, որովհետեւ այդպիսին էր նրա կամքը, այլապես բոլորին նույնը կստեղծեր: Սխալ է ասել` «հանդուրժենք մյուս կրոնները, մյուս ազգերին», դա մեծամտություն է: Մյուս կրոնները եւ մյուս ազգերը պետք է ճանաչել եւ հարգել: Չեղյալ համարելը, հերքելը ոճրագործությունները, ազգերին, կրոնները` մեծ ոճրագործություն է: Այսօր ամբողջ  էթնիկ խմբեր, ամբողջ կրոն չեղյալ են համարում: Ես ճանաչում եմ այն բոլոր ոճրագործությսւնները, որ եղել են, ես ճանաչում եմ բոլոր ազգերի մարդկանց, որ կան:Թուրիքայում: Բոլորին ես ճանաչում եւ ընդունում եմ»:

Օսման Բայդեմիրը քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ է, եւ արդեն երկու անգամ հաղթելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ղեկավարում է Դիարբեքիրի քաղաքային համայնքը, թեեւ մեկ տարուց նոր ընտրություններ են, եւ ինքը դժվար թե կրկին առաջադրվի, քանի որ իր կուսակցության կանոնադրության համաձայն` իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվելու: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է իր վրա երկրից դուրս գալու արգելանք դրվել, ի պատասխան պարոն քաղաքապետը պատմեց, որ Թուրքիայում 2009-ից մի քաղաքական դատավարություն է ընթանում ընդդեմ քուրդ գործիչների, որի արդյունքում արդեն 8000 քուրդ քաղաքական գործիչների են ձերբակալել, այդ թվում` մոտավորապես 190 քուրդ պատգամավորներ, քաղաքապետեր եւ այլ պաշտոնյաներ: Իսկ 2010-ի հունվարին, երբ այդ գործի շրջանակներում վկայություն է տվել նաեւ պարոն Բայդեմիրը, նրան չեն ձերբակալել, հավանաբար վախենալով բողոքի ալիքից, քանի որ Դիարբեքիրը քրդական ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքն է, իսկ այդ քաղաքի ընտրված քաղաքապետ Օ.Բայդեմիրը շատ բարձր վարկանիշ ունի քուրդ հասարակության մեջ, եւ նրա ձերբակալությունը գուցե թե լուրջ խնդիրներ առաջացներ, սակայն արգելք է դրվել նրա` երկրից դուրս գալու իրավունքի վրա:

«Ամեն առավոտ արթնանում եմ եւ իմ կուսակից ընկերներից եւս երկուսի ձերբակալության լուրն եմ ստանում: Ամեն գիշեր քնելուց առաջ մտածում եմ` տեսնես այս գիշեր կգա՞ն իմ հետեւից: Սակայն չեմ անհանգստանում. եթե ինձ ձերբակալեն, բանտում գիրք կգրեմ եւ կհանգստանամ, իսկ եթե չէ` կշարունակեմ պայքարել խաղաղության համար: Հավատում եմ, որ մի օր գալու է եւ բոլորս այս տարածաշրջանում գրկախառնվելու ենք, եւ խաղաղությունը վերահաստատվելու է: Խաղաղությունից եւ բանակցություններից փախչելը մեծ վախկոտություն է: Եթե հավատքս կորցնեմ, որ մի օր այստեղ գրկախառնվելու ենք, այլեւս այստեղ չեմ ապրի, ու մի հարցրեք` բա ի՞նչ կանես, քանի որ երկրից գնալու արգելք ունես, հավատացնում եմ` նա, ում մտքին գնալը կա, կարող է ճանապարհը գտնել: Ես այս հողի ցավը ուրիշ տեղի լավի հետ չեմ փոխի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930