
Yerkir.am-ն այսօր փորձելու է պարզել հարցի վերաբերյալ մեր խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումը, եւ թե ինչպես են նրանք քվեարկելու:
Մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռ որոշում չունի: «Բնականաբար, կլսենք եւ կտեսնենք, թե ինչ է ասում դատախազը: Բայց առաջին իսկ օրվանից ինձ համար ակնհայտ էր, որ այստեղ քաղաքական դրդապատճառներ կան: Որքան ես տեղյակ եմ գործի նյութերից, Օսկանյանին իբրեւ մեղադրյալ ներգրավելու նման հիմքեր չպետք է լինեին»,- հայտարարեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է այս կերպ փորձ է արվում կասեցնել նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հնարավոր թեկնածու Վարդան Օսկանյանի առաջադրումը, Վարդանյանն ընդգծեց, որ կարելի է ենթադրություններ անել տարբեր ուղղություններով, բայց չի ցանկանում դրանցով ուղղորդվել: «Ներիշխանական խնդիրները շատ բազմավեկտոր են, չէի ցանկանա մեկ վարկածի վրա կենտրոնանալ»,- հավելեց ՀՅԴ-ական պատգամավորը:


















































