
Այո, զարմանալիորեն անհայտ աշխարհներ եղան աշխարհին հասկանալի, ուր ցեղովի ընդամենը յոթ գրաճանաչ ունեին, բայց մենք մնացինք չհասկացված: Եվ ինձ թվում է՝ մեղքը աշխարհինը չէ, մեղքը մերն է, մեղքը մեր ներսում է:
Զվարթնոց տաճարն ուներ երեսունվեց սյուն եւ կայուն էր երկրի վրա ու երկնքի դեմ, ինչպես մեր երկիրը հնում՝ Արտաշես արքայի ժամանակ, որ գլխին պահում էր սեփական պետության գմբեթը: Բայց ինչ եղավ հետո. տաճարի ինքնասիրահարված սյուներից մեկը, որին թվում էր, թե ինքը միակ ընտրյալն է, մտածեց՝ մյուսները թող պահեն իրենց գմբեթը, ես կարող եմ դուրս գալ ու իմ գմբեթը ստեղծել եւ խոսել ընդդեմ համազգային գմբեթի, եւ դա համարեցին քաջություն:
Այդպես մտածեցին թերեւս էլի սյուներ, եւ Զվարթնոց հրաշալի տաճարը փլվեց: Սուտ է, որ երկրաշարժից է փլվել Զվարթնոցը: Մեր ցեղը բազում երկրաշարժեր է տեսել, բայց երբեք չի խոնարհվել, քանզի մեր տաճարները դրսից չէ՝ քանդվել են ներսից:
Կարդացեք նաև
Եվ այսօր առաջնորդի զուգս հագածները չեն էլ մտածում, որ սարդոստայնի ընդամենը մի թելն են իրենք, իսկ սարդը նենգորեն լուռ է: Անշուշտ, երիցս ճիշտ է, որ ոչ մի կռունկ առանձին կամ երեքով հյուսիսային լճերի տեղը չգիտի, ինչպես նաեւ՝ չգիտի Աֆրիկայի տեղը: Կռունկների կյանքի ճանապարհը միայն երամը գիտի:
Իսկ երամն ասում է. Դուք ձեր ավերակ տաճարներն ավելի եք սիրում, քան ձեր կանգուն տաճարները: Դուք ձեր կորցրածն ավելի եք սիրում, քան ձեր ունեցածը: Չէ՞ որ դուք կռունկ սիրող ժողովուրդ եք: Շարունակեք քանդել ձեր տաճարները ներսից, եւ կորցնելով ձեր հայրենիքը՝ հարցրեք մեզ՝ չվող թռչուններիս.
Կռունկ ուստի՞ կուգաս, կռունկ մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս: Այնինչ…
Այնինչ տեր եղեք, որ անտեր չմնաք, տեր եղեք, որ միշտ տեր ունենաք եւ ձեր իսկ տիրոջով տեր դառնաք ձեզ եւ ձեր երկրին ու հազարամյակների միջով անցած կորուստներին ու ունեցածին:
Եվ այլեւս մեզ մի դիմեք, մենք ընդամենը չվող թռչուններ ենք:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ


















































