
Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)-ը ներկայացրեց պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների կողմից դեղերի ձեռք բերման գործընթացի ուսումնասիրության 2-րդ փուլի արդյունքները, ըստ որի, ուսումնասիրված 134 բուժհաստատություններից 100-ը, ընդհանրապես մրցույթ չեն հայտարարել, եւ ինչպես հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, բուժհաստատությունների ղեկավարներն իրենք են որոշել, թե պետական փողերով ումից եւ ինչ գներով ձեռք բերեն դեղամիջոցներ. «Բուժհաստատությունները բարենպաստ պայմաններ են ստեղծել անբարեխիղճ տնտեսվարողների գործունեության համար: Մենք բացատրություն ենք պահանջել բուժհաստատությունների ղեկավարներից, որոնք հիմնականում պատճառաբանել են օրենսդրական պահանջների չիմացությամբ, սակայն մենք գտնում ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»:
Հանձնաժողովը նաեւ պարզել է, որ մի շարք բուժհիմնարկներ պետպատվերով դեղեր ստացող հիվանդներին ուղարկել են միեւնույն դեղատուն, որտեղից հիվանդն անվճար ստացել է իր հասանելիք դեղը, իսկ պետությունը դրա համար վճարել է մի քանի անգամ բարձր գին:
Պարոն Շաբոյանի խոսքերով` ճիշտ է, այդ բացահայտված խախտումները սահմանափակում են մրցակցությունը, սակայն դրանք նաեւ մեծ վնաս են հասցնում պետական բյուջեին. «Այդ խախտումների հետեւանքով տեղի է ունենում պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործում, միջոցների վատնում: Հանձնաժողովի հաշվարկներով պետական բյուջեին վնաս է հասցվում տարեկան ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով»:
Կարդացեք նաև
Պետական փողերը յուրացրած եւ վատնած ընկերություններով արդեն սկսելու է զբաղվել ՀՀ գլխավոր դատախազությունը: Արտակ Շաբոյանի ներկայացմամբ`քանի որ պետբյուջեի միջոցների յուրացում կա, հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներն ուղարկվելու են դատախազություն:
Պետական գումարները վատնած մի քանի տասնյակից ավելի բուժհիմնարկների շարքերում են` «Նաիրի» բ/կ-ն, «Քանաքեռ-Զեյթուն», բ/կ-ն, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ն, Երեւանի քաղաքային շտապ բուժօգնություն ՓԲԸ-ն, առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, հակատուբերկուլոզային դիսպանսերն ու մի շարք այլ հիմնարկներ:
Իսկ Շիրակի մարզում,ինչպես հանձնաժողովն է հայտնաբերել, մրցույթներ ընդհանրապես չեն հայտարարել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































