Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր տոկոսադրույքներ եւ անհեթեթ նախապայմաններ

Հոկտեմբեր 10,2012 10:35

Ինչպես են վարկեր տրամադրում բանկերն ու վարկային կազմակերպությունները

 Հե՞շտ է արդյոք Հայաստանում բանկերից եւ վարկային կազմակերպություններից վարկեր ստանալ եւ ինչպիսի՞ն են դրանց տոկոսադրույքները: Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք տարբեր ֆինանսական հաստատություններից վարկ ստացած կամ ստանալու դիմում ներկայացրած գործարարների:

Նախ ներկայացնենք պաշտոնական տվյալները, թե որքա՞ն են վարկերի տրամադրման միջին տոկոսադրույքները Հայաստանում: Կենտրոնական բանկի կայքում ներկայացված տվյալների համաձայն, 15 օրից մինչեւ 1 տարի ժամկետով տրվող դրամով վարկերի միջին տոկոսադրույքը օգոստոսին կազմել է մոտ 16,89 տոկոս, իսկ նույն ժամկետով ներգրավվող դրամով ավանդների միջին տոկոսադրույքը` 9,76 տոկոս: Սակայն, ըստ մեր զրուցակիցների, մասնավորապես, բիզնես վարկեր` 17 տոկոս միջին տարեկան տոկոսադրույքով, գործնականում չկան: Դրանք սկսվում են լավագույն դեպքում 20 տոկոսից եւ հասնում մինչեւ 24 տոկոսի: Ասել, թե սրանք բարձր տոկոսադրույքներ են, նշանակում է շատ քիչ բան ասել: Եթե ավելացնենք, որ այս տոկոսադրույքները գործում են թե՛ խոշոր, թե՛ փոքր եւ թե՛ միկրո վարկերի դեպքում, ապա ավելի հասկանալի կդառնա, թե ինչու են մեզ մոտ վարկավորման ծավալները փոքր:

Հասկանալի է, որ բանկը նույնպես բիզնես է, եւ բնական է, որ պետք է աշխատի շահույթով, հնարավորության դեպքում` առավելագույն շահույթով: Սակայն փաստ է, որ շահույթն ավելի բարձր կլինի, եթե բանկերի վարկերի տոկոսադրույքները ցածր լինեն, իսկ տրամադրվող վարկերն ավելի շատ: Որ մեզ մոտ բանկային ավանդների եւ վարկերի տոկոսադրույքների տարբերությունը մեծ է եւ խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, ժամանակին ասվել է փորձագետների կողմից` մեր երկրի մրցունակության ցուցանիշները ներկայացնելիս: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում, եւ վարկերը Հայաստանի գործարարների համար մնում են թանկ հաճույք:

Հաջորդը վարկերի տրամադրման պայմաններն են, որոնք, ինչպես վկայում են հատկապես փոքր բիզնեսը ներկայացնող մեր զրուցակիցները, երբեմն պարզապես ստորացուցիչ են եւ անհեթեթ: Օրինակ` վարկային կազմակերպություններից մեկը միկրո վարկ տրամադրելու համար պահանջում է վարկառուի ընտանքի անդամների համաձայնությունը` ստորագրության տեսքով: «Իսկական մանկապարտեզ կամ, լավագույն դեպքում, դպրոց, մնում է միայն ծնողական ժողովի կանչել վարկառուի ծնողին: Եթե վարկառուն ունի լավ վարկային պատմություն, որը տեսանելի է բոլոր բանկերում եւ վարկային կազմակերպություններում, հաջող բիզնես գործունեություն է ծավալում եւ բիզնեսն ընդլայնելու համար դիմում է վարկ ստանալու, ապա ինչո՞ւ պետք է նրա ընտանիքի մյուս անդամը ստորագրի նրան վարկ տրամադրելու համար: Ի՞նչ ռիսկի հարց է լուծում դա: Մի՞թե ամուսինները միասին չեն կարող «գցել» վարկային կազմակերպությանը նույն հաջողությամբ, ինչ նրանցից յուրաքանչյուրը», իր տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցներից մեկը:

Սա դեռ ամոբղջը չէ: Մեկ այլ դեպքում, վարկային կազմակերպության ներկայացուցիչը ցանկանում է «տեսնել» ապագա վարկառուի բնակարանը: Հարց է առաջանում, ինչո՞ւ, ի՞նչ է կորցրել նա վարկառուի բնակարանում: Ինչպիսի՞ պրիմիտիվիզմ: Միթե վարկառուն ցանկության դեպքում չի կարող խաբել նրան, օրինակ, հարեւանից թանկարժեք գույք բերելով իր տուն եւ ներկայացնելով որպես իր սեփականը: Ի՞նչ ռիսկի ապահովագրման հարց է լուծում նման գործելաոճով վարկային կազմակերպությունը:

Տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում նաեւ վարկ տրամադրելիս հավելյալ վճարների գանձումը: Ի՞նչ է նշանակում օրինակ` պլաստիկ քարտով տրամադրվող վարկի 5 տոկոսը գանձել որպես կանխիկացման գումար: Ենթադրենք, եթե 4 մլն դրամ վարկ ես վերցնում, ապա նշանակում է, որ 200 հազար դրամը բանկը պարզապես գրպանում է այսպիսի անհեթեթ հիմնավորմամբ: Կանխիկացումն այդ ի՞նչ ահռելի ծախս է, որ տրվող գումարի 5 տոկոսը պահվում է:

Հավակնություն չունենալով ներկայացնելու Հայաստանում վարկավորման հետ կապված խնդիրների ամբողջությունը, միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում բանկերի եւ վարկային կազմակերպությունների ղեկավարների ու կառավարիչների ուշադրությունը հրավիրել այստեղ նշված խնդիրների վրա: Խնդիրներ, որոնց առկայությունը առաջին հերթին խոչընդոտում է ֆինանսական համակարգի, ապա նաեւ ողջ տնտեսության զարգացմանը:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031