Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի սաքսոֆոնահարի եզակի տրիոն հանդես կգա դասական երաժշտության համերգով

Հոկտեմբեր 10,2012 14:22 Share

«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը (Գերմանիա) եւ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը (Գերմանիա) այսօր կայացած ասուլիսի ժամանակ պատմեցին Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի մասին, որի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին:

«Փառատոնն ունեցավ փայլուն մեկնարկ եւ հանդես է գալիս հետաքրքրիր ծրագրով եւ կատարողներով: Հոկտեմբերի 11-ին կայանալիք համերգն առանձնանում  է երեւանյան պրեմիերայով. հանդես կգա գերմանական «Ֆրատրես» տրիոն` մեր տաղանդավոր հայրենակից Հայրապետ Առաքելյանի, ինչպես նաեւ` ջութակահար Ֆյոդոր Ռուդինի եւ դաշնակահար Ռուդոլֆս Վանկսի մասնակցությամբ»,-հայտնեց Մարիամ Շահինյանը;

Հայրապետ Առաքելյանն ասաց, որ տրիոն կազմավորվել է այս տարի, բայց արդեն հասցրել է հաջողություններ գրանցել. «Ներկայացնում ենք կամերային երաժշտության դասական կազմ, որը յուրահատուկ է` դաշնամուրի, ջութակի եւ սաքսոֆոնի համադրությամբ: Նման եզակի տրիոները Եվրոպայում ընդամենը մի քանի հատ են: Ես վեց տարի է` բնակվում եմ Գերմանիայում, բայց հետեւում եմ Հայաստանի մշակութային կյանքին եւ հատկապես դրական կարծիք ունեմ այս փառատոնի մասին: Մենք` երաժիշտներս, ապրում եւ սովորում ենք Գերմանիայում, եւ ուրախ ենք Հայաստանում համերգ տալու համար: Բնականաբար, ակնկալում ենք լեփ-լեցուն դահլիճ»:

Դասական երաժշտության Վերադարձի վեցերորդ փառատոնի մյուս համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին: Ելույթ կունենա Գերմանիան ներկայացնող թավջութակահար Միքայել Հախնազարյանը` դաշնակահարուհի Մարիաննա  Շիրինյանի հետ. «Ինձ հյուր չեմ համարում Հայաստանում, քանի որ հաճախ եմ այցելում եւ կապ պահպանում տեղի մշակույթի հետ: Հատկապես կարեւորում եմ Մարիաննա Շիրինյանի հետ ելույթս, քանի որ միշտ ցանկացել ենք համագործակցել»:

Մարիամ Շահինյանը նշեց, որ փառատոնի ծրագրում ներառված էր  նաեւ Պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ, սակայն վերջինս, նախնական պայմանավորվածությունից բացի, կրկին ֆինանսական պահանջներ է ներկայացրել Վերադարձի փառատոնին, այդ իսկ պատճառով համագործակցությունը չի կայացել:

Անդրադառնալով վերջերս իր մահկանացուն կնքած ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին` տիկին Շահինյանն ասաց, որ նրա մահը մեծ կորուստ էր փառատոնի համար. «Նա կանգնած  էր փառատոնի ակունքներում եւ գեղարվեստական խորհրդի նախագահն էր: Մենք նրան Վարպետ էինք անվանում , իսկ նրա տուն այցելելուց գիտեինք, որ մեր ծնողների տուն ենք գնում:  Մենք երջանիկ ենք, որ շփվել ենք կոմպոզիտորի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031