Վաղվանից Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում մեկնարկում է «Ձայն Աշխարհի» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, Voice of the World – «Ձայն Աշխարհի» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Շահինյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ, երբ նախաձեռնում էր մրցույթ-փառատոնը, նպատակ ուներ նախ Հայաստանն աշխարհին ներկայացնել իր ահռելի պատմությամբ, մշակույթով, աշխարհագրությամբ: Նա հավելեց, որ առաջին փառատոնի ավարտից անմիջապես հետո իրենց սկսել են գրել, հետաքրքրվել հաջորդ փառատոնով, ինչն ոգեշնչել է «Ձայն Աշխարհի» փառատոնը դարձնել ավանդական:
Նա տեղեկացրեց, հուլիսի 24-ին սպասվում է շքեղ շոու-ծրագիր՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստների մասնակցությամբ, որը նվիրված է Հայաստանի պատմությանը և այն մեծանուն հայ արտիստներին, որոնք չեն ծնվել Հայաստանում, սակայն համաշխարհային ճանաչում են բերել մեր ժողովրդին ու Հայաստանին իրենց արվեստով՝ Շառլ Ազնավուր, Շեր, Սերգեյ Փարաջանով և այլք: Այնուհետև շոուին կհաջորդի «Սերունդների շարունակականությունը արվեստում» խորագրով ցուցահանդես:
«Փառատոնին նման անուն ընտրելով՝ ուզում ենք ասել, որ մեր ձայնն ենք բարձրացնում աշխարհում և աշխարհի ձայներն ենք բերում Հայաստան: Սա մրցույթ-փառատոն է, որին ներկա կգտնվեն ժյուրիի անդամներ և մասնակիցներ տարբեր երկրներից: Անցյալ տարի այս առումով ունեինք հետաքրքիր աշխարհագրություն՝ Մալթա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ԱՄՆ, Ֆրանսիա: Այս տարի ունենք հյուրեր ու ժյուրիի անդամներ այլ երկրներից՝ այդ թվում Կիպրոսից, Մոլդովայից»,- ասաց Մարիամ Շահինյանը:
Նա նշեց, որ ի թիվս այլնի՝ նախատեսված է սերտիֆիկատներ հանձնել, որոնցից մեկը տրվելու է շնորհալի մասնակցին՝ նոր երգի ստեղծման համար, երկրորդ սերտիֆիկատով շնորհալի երաժիշտը ներկայանալու է Մոլդովայի ռադիոյով որպես հյուր ու ներկայացնելու է իր երգը, իսկ երրորդ սերտիֆիկատը հնարավորություն է տալու ներկայացնել նոր երգ, որը Մոլդովայի ռադիոյով անընդհատ եթերում կլինի:
Կարդացեք նաև
Տեղեկացանք, որ հուլիսի 25-ին առաջին մրցութային օրվա լավագույնների գալա համերգն է, իսկ հուլիսի 27-ին կկայանա փառատոնի փակման արարողությունը՝ Գալա համերգ և մրցանակաբաշխություն:
Մարիամ Շահինյանը նաև տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում ունեն վարպետության դասեր, առաջին վարպետության դասը կվարի օպերային երգիչ, խմբավար, վոկալի ուսուցիչ և դաշնակահար Վաղարշակ Օհանյանը (ԱՄՆ), իսկ երկրորդ մրցութային օրը՝ հուլիսի 27-ին, վոկալի մարզիչ, երգիչ, միջազգային մրցույթների ժյուրիի անդամ Ջոակիմ Կաետանոն՝ Պորտուգալիայից:
«Եթե անցյալ տարի մրցույթ-փառատոնի տարիքային շեմը հատում էր 23 տարեկանը, այս տարի ունենք 40 տարեկան մասնակից: Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի փառատոնը ունի 7 անվանակարգ՝ տարբեր ժանրերում»,- մանրամասնեց «Voice of the World» – «Ձայն Աշխարհի» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնի հիմնադիր նախագահը:
Մարիամ Շահինյանի ձևակերպմամբ, փառատոնի ծրագրում ներառված են նաև էքսկուրսիաներ, որոնց շնորհիվ փառատոնի մասնակիցները և հյուրերը հաղորդակից են լինում հայկական մշակույթին, պատմությանը: Բոլոր տարիքային խմբերի մասնակիցները ստանում են մասնակցության վկայականներ, լավագույն մասնակիցները՝ գավաթներ, նախատեսված է նաև Գրան պրի:
«Մրցույթը միայն մրցանակը չէ, մրցույթը նշանակում է նոր ծանոթություններ, սեր, գործընկերություն, իսկ ամենակարևորը՝ Հայաստանի ճանաչելիություն»,- ասաց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































