Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Սեր, երազանքներ, ջազային մեղեդիներ․ կայացավ «Նկարում ենք Լա Լա Լենդ» ներկայացման պրեմիերան 

Հոկտեմբեր 04,2026 12:27 Share

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում հնչեց ծանոթ երաժշտությունը, և հոլիվուդյան «Լա-Լա Լենդ» ֆիլմի պատմությունը տեղափոխվեց թատերական բեմ՝ կենդանի կատարումներով, պարով ու դերասանական խաղով։

Հոկտեմբերի 3-ին «Նկարում ենք Լա Լա Լենդ» ներկայացման պրեմիերան էր։ Հոլիվուդյան հայտնի պատմությունը՝ սիրո, անձնական ընտրության ու երազանքների հետևից գնալու մասին, հայկական բեմում ստացել է նոր ու ինքնատիպ շունչ։

Բեմից հնչող ջազային մեղեդիները ներկայացման կարևոր մասն էին։ Ֆիլմը նախապես չդիտած հանդիսատեսներից մեկի համար հենց երաժշտությունն էր այն տարրը, որը ներկայացումից հետո ցանկություն առաջացրեց ծանոթանալ նաև ֆիլմին․

«Ֆիլմը չեմ դիտել, բայց այնքան ոգևորվեցի ներկայացումից, որ անպայման գնալու եմ ու նայեմ։ Շատ եմ սիրում ջազ ու վստահ եմ՝ փլեյլիստումս նոր երաժշտություններ են ավելանալու»։

Բեմադրության վրա ստեղծագործական թիմն աշխատել է ամիսներ շարունակ։ Գլխավոր դերակատար Ներսես Ավետիսյանի խոսքով՝ նախապատրաստական ընթացքն ուղեկցվել է բազմաթիվ փորձերով ու դժվարություններով․

«Շատ, սարսափելի շատ, անսահման շատ դժվարություններ են եղել, օրեր ու գիշեր փորձեր ենք ունեցել՝ անվերջ ու ամիսներ շարունակ, որպեսզի այսօր կարողանանք ներկայանալ հանդիսատեսին»։

Նրա խոսքով՝ բեմում ստացված արդյունքը միայն դերասանների աշխատանքի արդյունքը չէր․ ներկայացման ստեղծման գործում իր ներդրումն ուներ ամբողջ ստեղծագործական թիմը։ Ներսես Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց թիմի անդամներին՝ առանձնացնելով նաև իր խաղընկերուհի Մարիամ Շահինյանի աշխատանքը․

«Իմ գործընկերուհին, ում հետ այս ներկայացման ժամանակ աշխատել եմ ամենաշատը, ում հետ կիսում եմ այս բեմը ամենաշատը, ուղղակի ֆանտաստիկ դերասանուհի է ու ֆանտաստիկ մարդ»։

Պրեմիերայի ընթացքում դերասանները ստանում էին անմիջական արձագանք՝ դահլիճից հնչող ծափահարություններով։

«Չգիտեմ, 10 րոպեն մեկ հնչած ծափահարությունները, կարծում եմ, փաստում էին, որ մարդիկ կիսում են այս պատմությունը մեզ հետ, ինչն էլ մեզ, բնականաբար, օգնում էր հաղթահարել պրեմիերայի մեգալարվածությունը»,- ներկայացումից հետո «Առավոտի» հետ զրույցում նշեց գլխավոր դերակատար Ներսես Ավետիսյանը։

Ներկայացման ավարտին վերջին ակորդներին հաջորդեցին ծափահարությունները, իսկ հանդիսատեսը սկսեց կիսվել իր տպավորություններով․ «Ես դիտել եմ ֆիլմը և շատ ոգևորված էի եկել․ սպասումներս ամբողջությամբ արդարացվեցին։ Ֆանտաստիկ էր․ ներկայացումից հետո ուղղակի ուզում ես դուրս գալ ու պարել Երևանի փողոցներում»։

«Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլի պրեմիերային ներկայացումները Հ․ Պարոնյանի անվան թատրոնում կցուցադրվեն նաև հոկտեմբերի 4-ին և 6-ին։

Մարիետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Պարոնյանի թատրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել