
Երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստին տիկին Սահակյանը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ ոլորտի այլ մասնագետների ներկայացնելով ռոտավիրուսի առաջացրած բարդությունները, կարեւորեց այս վիրուսի դեմ երեխաների պատվաստումը: Տիկին Սահակյանի խոսքերով, 2011 թվականին գանգատներ ունեցող երեխաների 70 %-ը հոսպիատալացվել են ռոտավիրուսային վարակի պատճառով. «Խմելու ջրի սանիտարահիգիենիկ պայմանների անընդհատ բարելավման ֆոնին նույնիսկ հնարավոր չէ վերացնել այս հիվանդությունը: Չնայած, որ կրծքով սնուցումը մեր երկրում խրախուսվում է եւ այդ առումով ունենք բավականին բարձր ցուցանիշներ, այնուամենայնիվ մինչեւ 6 ամսական երեխաներն էլ են հիվանդանում ռոտավիրուսով: Երեխան գոնե 1 անգամ հասցնում է վարակվել այս վիրուսով: Առավել ծանր կլինիկական դրսեւորումները 24 ամսական երեխաների շրջանում է լինում»: Մասնագետի ներկայացմամբ, այս վիրուսի պատվաստանյութը անվտանգ է, կողմնակի լուրջ ռեակցիաներ չի առաջացնում, առաջին պատվաստումից հետո երեխայի մոտ թեթեւակի գրգռվածություն եւ ախորժակի կորուստ է լինում: Այն ընդունվում է բերանային ճանապարհով: Գայանե Սահակյանի խոսքերով, ռոտավիրուսաի պատվաստումների համար շատ կարեւոր է օրացույցը պահպանել, եւ առաջին դեղաչափը երեխան պետք է մինչեւ 15 շաբաթական ընդունի:
Ըստ մասնագետի, ռոտավիրուսի խնդիրը կա զարգացած եւ զարգացող երկրներում. «Աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում տարեկան գրանցվում է 453 հազար մահվան դեպք: Այդ վիրուսի հանդարտ սեզոնը ամառն է, ինֆեկցիան գլուխ է բարձրացնում աշնանը եւ գարնանը ամենապիկին հասնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































