Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվության անվտանգության մասնագետ. «Մարդիկ իրենց թաղում են հումորային ծրագրերի մեջ»

Հոկտեմբեր 26,2012 17:11

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի ունեցավ «Ազգային արժեքների քարոզը երիտասարդության շրջանում» թեմայով հանդիպում-քննարկում։ Այն նախաձեռնել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը: Զեկույցներով հանդես եկան ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը («Թուրք-ադրբեջանական քարոզչություն»), ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը («Հայոց բանակ և նժդեհյան գաղափարախոսություն»), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը («Հայ ընտանիքը և նրա ազգայնական դերը»), տեղեկատվության անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը («Տեղեկատվական և հոգեբանական պատերազմներ»)։

Aravot.am-ը զրուցեց քննարկման ներկա փորձագետների հետ: Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը մեր զրույցում խոսեց հայ ընտանիքի՝դարերից եկող դերի և դրա վտանգված լինելու մասին. «Այսօր որոշ առումով տեսնում ենք, որ այդ արժեքները վտանգվում են հատկապես Սփյուռքում, քանի որ մեծ ծավալների են հասնում խառնամուսնությունները: Իսկ նրանց զավակները մասնակի կրողն են լինում տվյալ ազգի մշակույթի առանձնահատկությունների, հաճախ ինքնանույնականացումը թույլ, կամ չի լինում, օտար միջավայրի ազդեցությունն ավելի մեծ է լինում, հայրենիքի հետ կապ չեն ունենում, և այդ անհատին որպես հայ մենք կորցնում ենք: Հայ ընտանիքը նաև վտանգված է մեր իրականության մեջ: Ավանդական պատկերացումները ընտանիքի մասին սկսել են զիջել նորօրյա պատկերացումներին՝ ծնելիությունը նվազել է, իսկ դա միայն սոցիալական խնդիրների հետ չէ, որ կապված է»:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանն էլ մեր զրույցում նկատեց, որ տեղեկատվական և հոգեբանական անվտանգության խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ներքին և արտաքին: Այնուհետև մանրամասնեց. «Արտաքին վտանգները կապված են հայկական գործոնի շահի դեմ և հայկական քաղաքականության դեմ տարբեր երկրների իրականացրած գործողություններով՝ տեղեկատվական դաշտում: Ներքին վտանգները հոգեբանական մթնոլորտն է, այն, որ մարդը նյութապես ապահովված է, բայց չի ուզում ՀՀ-ում ապրել,  կամ  որ մշակութային գործիչները չեն կարողանում իրենց հոգեկան մշակութային պահանջները բավարարել մեր երկրում, հեռուստատեսային քաղաքականությունը: Քաղաքական լարվածությունն էլ կապ ունի: Սրանք  ներքին մասնատման և սթրեսածին գործոններ են»:

Հետաքրքվեցինք՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին գործողություններն ի՞նչ ազդեցություն են թողել հասարակության վրա: Վ. Միրաքյանը պատասխանեց. «Մեզ մոտ ոչ նորմալ իրավիճակ է, քանի որ կարծես թե վտանգի զգացումը կա, բայց մարդիկ շարունակում են ապրել իրենց ստեղծած զվարճանքների և հումորային ծրագրերի աշխարհում: Դա կարծես ջայլամային քաղաքականություն լինի. տվյալ պահին ինֆորմացիան տարածում են, բայց չի բերում հետագա գործողությունների: Դա նրանից է, որ չկա ծրագիր, մոտեցում, թե ինչ պիտի անեն, եթե լինի լայնամասշտաբ հարձակում: Այս պարագայում պանիկա է առաջանալու մարդկանց մոտ, դրա համար էլ մարդիկ իրենց թաղում են հումորային ծրագրերի մեջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031