
«Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր Արման Դանիելյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 12-ին արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցներ հանդես են եկել համայն հայությանն ուղղված հայտարարությամբ` Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը կասեցնելու կոչով: Դանիելյանը ներկայացրեց վերոհիշյալ դիմումին կցված նկատառումներն եւ կարծիքներն ամբողջացնող հայտարարությունը. «Տարածաշրջանում հայության համար առավել լուրջ մարտահրավեր է ներկայացնում Ադրբեջանի Հանրապետությունը: Կասպից-Արեւմտյան շրջանի (նկատի է առնվում Ադրբեջանի Հանրապետությունը)` Բաքվի կառավարության կողմից վերահսկվող այս գոտում ուրվագծվող տրամադրությունները հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել այն փաստը, որ «Սաֆարովի գործի» շուրջ ծավալված միջազգային դատապարտումը լիովին արհամարհվեց Բաքվի կողմից, որը վերահաստատեց անփոփոխ տրամաբանությամբ գործելու իր վճռականությունը: Ի հաստատումն այդ վճռականության, Արցախի հետ սահմանում կրկին հայ զինվոր սպանվեց: Միջազգային անվտանգության համար պատասխանատու կառույցներն ու առաջատար պետությունները հասկանալ տվեցին, որ «Սաֆարովի գործ»-ի շնորհիվ բացահայտված «սպանությունների մեքենայի» ձեւավորմանը միտված պետական քաղաքականությունը խափանման ենթակա չէ: Միջադեպը, ի վերջո, համարվեց սպառված եւ վերսկսվեց Մինսկի գործընթացը: Նույն մեքենայի ձեւավորման տրամաբանությամբ` Բաքվի վարչախմբի կողմից իրականացվող ռասսայական խտրականության, ինչպես նաեւ` քաղաքական հողի վրա բանտերում եւ այլ վայրերում կտտանքների եւ սպանությունների իրողությունը լրացվեց եւս մեկ բացահայտումով. ադրբեջանցի զինվորների սպանությունները, որոնք իբր կատարվում են սահմանային գոտում, իրականում կատարվում են բոլորովին այլ վայրերում` մարդկային օրգանների միջազգային առեւտուր իրականացնելու համար: Չնայած բացահայտումներին` Ադրբեջանի իրավապահ մարմինները եւ քաղաքական ղեկավարությունը կոծկում են հանցագործությունները` միջազգային կառույցների տարօրինակ լռության ներքո»:
Արման Դանիելյանի խոսքով. «Այն հանգամանքը, որ սպանված զինվորների շարքում կան ծագումով արեւմտակասպից թուրքեր, վկայում է, որ Կասպից Արեւմուտքում ձեւավորված պետական համակարգը հատուկ դաժանության որակ է ձեռք բերում»:
Բանախոսները կարծում են, որ Կասպից Արեւմուտքում միջազգային նշանակության որոշակի խնդիրներ լուծելու համար կազմավորվում է զանգվածային սպանության մեքենա, որը կարող է օգտագործվել հայության դեմ, ինչպես օրինակ` 1915 եւ 1988-1994թթ: «Դա հաշվի առնելով` պետք է իրականացնել ստեղծված իրավիճակի անընդհատ գնահատում, անհրաժեշտ գործողությունների ծրագրում եւ իրականացում` տարածաշրջանի բոլոր շահագրգիռ ուժերի եւ միջազգային պատասխանատու ատյանների մասնակցությամբ: Պետք է նաեւ նախաձեռնել հայության հավաքական ուժի կենտրոնացում եւ անվտանգության համակարգի ձեւավորում»,-ասաց Արման Դանիելյանը:
Կարդացեք նաև
«Մեծ Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադարարից ելնելով` ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ամպագոռգոռ հայտարարություններ է անում եւ միայն Սաֆարովի դեպքից հետո հաթաթա տալիս Ադրբեջանին. «Իլհամ Ալիեւը բացահայտ ասաց, որ հայությունն իր թշնամին է եւ պետք է խմել հայերի արյունը, մինչդեռ միջազգային կառույցները ոչինչ չարեցին: Երբ չարաճճի լակոտին ասում են` խելոք մնա, բայց լակոտը շարունակում է անկարգություններ անել, նրանից այսպես ասած «յան են տալիս»: Այդպես վարվեցին միջազգային կառույցներն այն պարագայում, երբ Ադրբեջանը լկտիություն արեց: Հետեւաբար, մեր խնդիրը պետք է լինի հայության համախմբումը եւ ադրբեջանական ցեղասպանության մեքենայի կազմալուծումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































