Ըստ ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանի՝ իրենք էլ չգիտեն, թե ուր կհասնեն
– Պարոն Սարոյան, Ձեր կարծիքով՝ մենք պետականամե՞տ ժողովուրդ ենք, թե՞ ոչ: Հաճախ ենք լսում, օրինակ, նման արտահայտություն՝ «մենք ռուսամոլ ժողովուրդ ենք»։ Հաճախ ենք լսում հիմնավորումներ, թե փոքր պետությունները չեն կարող ինքնուրույն լինել։ Այդպե՞ս է դա արդյոք: «Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք», կամ՝ «ո՞ւմ կառաջադրի ՌԴ-ն որպես նախագահի թեկնածու». այսօրինակ հարցադրումները, հատկապես նախագահական ընտրություններից առաջ, բնակա՞ն են, թե՞ արհեստածին։
– Հարկ է, որ սկսեմ անհատի բնութագրումից եւ նաեւ անդրադառնամ սոցիալական փոքր բջիջների վարքագծին: Ամեն մարդ նախ պետք է սիրի ինքն իրեն: Առողջ հասարակություններում դա ենթադրում է, որ մարդն առաջին հերթին ազնվություն եւ արժանապատվություն պետք է ունենա: Իսկ հիվանդ հասարակություններում ինքնասիրությունը վերափոխվում է եսասիրության (եսամոլության) եւ արտահայտվում է շահ ստանալուն ուղղված նրա կոնկրետ վարքագծով: Վերջինիս դրսեւորումներն են հարստահարությունը, քծնանքը եւ այլ արատներ: Ի տարբերություն հիվանդի արատների՝ առողջ մարդու համար նրա առաքինությունները ու առաջին հերթին՝ արժանապատվությունը չեն սահմանափակվում կոնկրետ իր անձով եւ շարունակություն են գտնում սոցիալական ողջ աստիճանակարգության մեջ: Ընտանիքի արժանապատվությունից հասնելով քաղաքացիական եւ ազգային արժանապատվության մակարդակ՝ անձի արժանապատվությունն արտահայտվում է սեփական պետության հանդեպ վերաբերմունքով: Ինչպիսի վերաբերմունք ունի շրջակա միջավայրի (այդ թվում՝ բնության) նկատմամբ հայ մարդը, այնպիսին է նրա վերաբերմունքը պետության հանդեպ: Եվ քանի որ տեսնելու եւ ընկալելու տեսանկյունից շատ «ես»-երից կազմված մեր «մենք»-ը հասու է բոլորիս, թող ընթերցողն էլ գնահատի՝ պետականասե՞ր է ինքը, թե՞ ոչ: Հենց պետականասիրությունից էլ գալիս է ազգային արժանապատվության զգացումը: Այդուհետ քաղաքացիները դառնում են պետականամետ, իսկ հպատակները՝ օտարամոլ: Ներկայացրածս այս շղթայում մի դետալ վկայակոչեմ, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Կոնկրետ իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար մեր պետությանը դրսից պարտադրում են օտարալեզու դպրոցներ (քանզի ռուսական լեզվամտածողության եւ մշակույթի կրողները, որոնց ՌԴ-ն օգտագործել է Հայաստանում իր ներգրավվածությունն ապահովելու համար, անկախության վերջին քսան տարիների ընթացքում պակասել են): Հասարակության մի մասն ընդվզում է, մյուսը՝ ոչ: Ցավոք, ընդվզողները դեռ քիչ են չընդվզողներից, եւ ուստի մեր պետականամետությունը նույնքան թույլ է մնում օտարամոլությունից: Այստեղ փոքր ու մեծ պետությունների խնդիր չկա, քանզի արժանապատվություն կամ ունենում ես, կամ ոչ: Այլ կերպ ասած՝ ազգային արժանապատվություն ունես, ուրեմն ինքնուրույն (ինքնիշխան պետություն) ես: Իսկ ազգային արժանապատվությունը սկսվում է անձի արժանապատվությունից եւ նրա կոնկրետ դրսեւորումներից:
Կարդացեք նաև
Իսկ ռուսամոլությունը քաղաքական գործընթացների հետեւանքն է ու կապված է վերջին երեք հարյուր տարվա մեր պատմական ընթացքի հետ: Այդ ընթացքում իր բնօրրանում բնակվող հայությունը Ռուսաստանի շնորհիվ դարձել է աշխարհաքաղաքական գործոն: Հետո դարձել է գործիք նրա՝ դեպի հարավ ծավալվելու ճանապարհին: Հետո այդ քաղաքականության արդյունքում մի հանգրվանում մորթվել է այլոց կողմից: Հետո կրկին հարություն է առել այդ երկրին կրկին ծառայելու նպատակով: Ծառայության մի շրջափուլում ապստամբել է ու աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի պատճառով որոշակի ինքնուրույնություն ձեռք բերել: Իսկ Հոկտեմբերի 27-ից հետո կրկին լիարժեք ընկել է նրա ճիրանների մեջ: «Ո՞ւմ կառաջադրի ՌԴ-ն որպես նախագահի թեկնածու» հարցն այսպիսով բնական է դառնում, սակայն անբնական է դառնում մեր հասարակության վերաբերմունքն ու արձագանքը, եթե դիտարկում ենք, որ ունենք վերեւում իմ նշած ազգային արժանապատվությունը:
– Ռուսաստանցի վերլուծաբան Միխայիլ Լեոնտեւը վերջերս ուշագրավ հայտարարություն արեց. «Եթե չլիներ ՌԴ-ն, ամենայն հավանականությամբ՝ Հայաստանը չէր լինի քարտեզի վրա», ապա հավելել էր. «Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությունն այլընտրանք չունի, եւ դա անխուսափելի է, ինչպես տարվա եղանակները»։ Քաղաքական շրջանակներից որեւէ արձագանք չեղավ այս հայտարարությանն ի պատասխան, սա՝ մի կողմ, սակայն Ձեր կարծիքով՝ ո՞վ է մեղավոր, որ այսպիսի հայտարարություններ ենք ստիպված լինում լսել ՌԴ-ից:
– Նման հայտարարություններ, քանի դեռ կախման մեջ է քո իշխանությունը ՌԴ-ից, կարելի է սպասել միայն մի դեպքում՝ եթե ՌԴ-ի կողմից կա վտանգ՝ կորցնելու իր ֆորպոստը: Հենց այն, որ ռուս քաղաքագետը նման հիստերիա է բարձրացնում՝ խոսելով Եվրասիական միությանը ՀՀ անդամակցության անխուսափելիությունից, խոսում է նրանց վախի մեծության մասին: Այդ հայտարարությամբ արտահայտված է Ռուսաստանի առաջիկա քաղաքական ծրագիրը մեր մասով, ու մեզ հիշեցնում են, որ աջ ու ձախ չնայենք, քանզի իրենցից ձերբազատվել հնարավոր չէ, այլընտրանք գոյություն չունի: Նման հայտարարությունը տիպիկ կայսերական մոտեցում է: Սակայն ցուցադրած վախը նույնպես իր մեջ տեղեկատվություն է պարունակում: Կարելի է Լեոնտեւին հիասթափեցնել ու նշել, որ Հայաստանը հիմա իսկապես աջ ու ձախ չի նայում, ու իրեն պետք չեն այդ կողմերը: Հայաստանը առաջ է նայում, իսկ այդտեղ իր ինքնիշխան պետականությունն է եւ հայ ժողովրդի կողմից ընտրված օրինակարգ վարչակարգը:
– Պարոն Սարոյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քաղաքական դաշտում տիրող մթնոլորտը։ Տպավորություն է ստեղծվում, որ ի տարբերություն 2008-ի նախագահական ընտրությունների՝ հասարակությունը բավական հիասթափված է, հետաքրքրություն չի ցուցաբերում ընտրությունների նկատմամբ։ Ի՞նչ է փոխվել 2008-ի եւ այսօրվա համեմատությամբ եւ ինչո՞ւ է փոխվել՝ քաղաքական պայքարը իմաստազրկվե՞լ է, թե՞ հոգեբանական ճգնաժամ է, որը պետք է հաղթահարվի:
– Մեր ժողովուրդը ոչ հիասթափված է եւ ոչ էլ անտարբեր: Պարզապես հայ ժողովուրդը շատ պրագմատիկ ժողովուրդ է: Դարերի ընթացքում ստացած հարվածները նրան սովորեցրել են «ջուրը չտեսած՝ չբոբիկանալ»: 2008-ին ժողովուրդը ոտքի կանգնեց, քանզի իսկապես փոփոխության հնարավորությունը ակնհայտ դարձավ նրան: Ինչպես կհիշեք, կար իրական մրցակցություն, կար համաժողովրդական շարժում, կար շարժման լիդերների փորձառության նկատմամբ վստահություն, կար ծրագիր ու նվիրում: Եղավ Մարտի 1: Սակայն այդ օրը, չնայած իրեն գնդակահարել էին, ժողովուրդը հաղթանակել էր եւ տուն չէր գնում: Գիշերը ժողովուրդը լքել է հրապարակը միայն իր ղեկավարների հորդորով ու խնդրանքով, սակայն ոչ երբեք՝ խուճապի կամ ցրելու: Հետագայում ժողովուրդը սպասման մեջ էր՝ մինչեւ որ կամաց-կամաց լիդերները պայքարը տարան բոլորովին այլ ուղղությամբ, քանզի Մարտի 1-ից հետո բոլորովին հրաժարվել էին ժողովրդական պայքարի միջոցով ռեժիմը տապալելու մտքից: Մայիսին կայացած ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը այլեւս չի վստահում ներկա ընդդիմությանը, նրա տված խոստումներին: Ու քանի որ չկա այլընտրանք, նա առավել անվտանգ ու պրագմատիկ լուծում ունի՝ վերցնել ընտրակաշառքը, քանզի իր վիճակի բարելավման գործում այլ ելք առայժմ չի տեսնում: Այս վիճակով մոտենում ենք նախագահական ընտրություններին, որտեղ բոլորովին այլ քաղաքական խնդիր է առաջ եկել:
– ՀԱԿ-ը քննարկման թեմա է դարձրել «բուրժուադեմոկրատական հեղափոխության» գաղափարը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամը նշել էր օրերս. «Եվս մեկ-երկու խոշոր գործարարի, առավել եւս՝ ԲՀԿ-ի մասնակցությունը ժողովրդական շարժման կողմում, իշխանության ամեն տեսակ կեղծիքներով հանդերձ, առնվազն անհնար կդարձներ մեկ փուլով ընտրությունների ավարտը։ Այսինքն՝ վաղուց ավարտված կլիներ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»։ «Բուրժուադեմոկրատական հեղափոխության» գաղափարը նետելով՝ ի՞նչ խնդիր է լուծում ընդդիմությունը, եւ հաջորդը՝ եթե նույնիսկ ԲՀԿ-ն կանգնի ՀԱԿ-ի կողքին, դա կարո՞ղ է այլընտրանք լինել այսօրվա իշխանություններին:
– Մարտի 1-ից հետո, հասկանալով, որ Կրեմլի գործուն միջամտությամբ էր հնարավոր դարձել այստեղ պահպանել վարչախումբը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ՀԱԿ-ի կազմավորումից հետո՝ նրա թիմի առանցքային անդամները իրենց առջեւ դրել են մի կոնկրետ նպատակ՝ Մոսկվայի հետ պայմանավորվելու ճանապարհով գալ իշխանության: Նախորդ տարիներին այդ նպատակով կատարված քայլերը անպտուղ են եղել: Սակայն մինչեւ հիմա այդ ուժը մտածում է, որ եթե թաթախվել ես, ուրեմն պետք է գնալ մինչեւ վերջ: Ուստի իրենց հավատացրել են, թե Կրեմլի կողմից ԲՀԿ-ին իշխանությունը հանձնելու «դաբրոյի» համար մի քիչ քաղաքական կապիտալ պակասում է ԲՀԿ-ին: Այդ նպատակով կարող են ԲՀԿ-ի հետ գործարքի գնալ: Արդյունքում Կրեմլին կհամոզեն կանգ առնել ՀԱԿ-ԲՀԿ ֆորմատի վրա: Իսկ առավել ամբիցիոզներն անգամ մտածում են, որ այդ ամուսնության արդյունքում ոչ թե ԲՀԿ-ի, այլ ՀԱԿ-ի թեկնածուն կստանա Կրեմլի «դաբրոն»: Պարզ է, որ այս ամենը հանրությանը ներկայացնելը հղի է եղել անկանխատեսելի հետեւանքներով: Ուստի իրենց «քաղտեխնոլոգները» մտածել-մտածել ու գտել են «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» եզրը: Ըստ այդմ՝ իրենք դեմոկրատներն են, իսկ ԲՀԿ-ի օլիգարխները՝ ազգային բուրժուազիան: Այս կեղծիքով էլ գնում են դեպի նախագահական ընտրություններ՝ իրենք էլ չիմանալով, թե ուր կհասնեն:
– Եվ ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակում:
– Երկրում իրավիճակ կարող է փոխել հանդեպ մեր պետությունը յուրաքանչյուրիս ցուցաբերած ազնվությունը: Բոլոր խաղերը մի օր ավարտվում են: Մնայուն է միայն գործը, երբ նվիրումով ու արժանապատվորեն ես մոտենում դրա իրականացմանը: Այսօր ռեժիմը վախենում է միայն քաղաքացիական պայքարից: Իսկ ռուսաստանցի վերլուծաբան Միխայիլ Լեոնտեւի խոսքը վկայեց, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից վախենում է նաեւ մեր իշխանությունների տիրոջ կարգավիճակում հայտնված Կրեմլը: Իսկապես արժե վախ ապրել, քանզի քաղաքացիների հետ պայմանավորվել հնարավոր չէ: Առավել եւս, երբ չգիտես, թե ում հետ պայմանավորվես, երբ բոլորն առաջնորդ են՝ շարքային քաղաքացիներ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ