Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Ընտրություններից առաջ հեշտ կլիներ գիտնականների գլխի տակ «փափուկ բարձ» դնել»

Նոյեմբեր 05,2012 23:11

Մեր երկրում գիտությունը հայտարարված է գերակա ոլորտ, սակայն 2013-ի բյուջեի նախագծից պարզ դարձավ, որ այն հաջորդ տարի էլ գերակա է լինելու միայն ամբիոնների համար: Գիտաշխատողների ցածր վարձատրության նոնսենսների եւ զավեշտների մասին Aravot.am-ը զրուցեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:

–         Իսկապես, զավեշտալի չէ՞, որ այսօր մեր ակադեմիայի գիտնականները միջին աշխատավարձ էլ չեն ստանում: Նրանց միջին աշխատավարձը կազմում է 60-70 հազար դրամ:

–        Կրթությունը եւ գիտությունը մեզ համար համարվում է ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը: Այն խնդիրը, որ կա գիտության ոլորտում՝ սկսած դպրոցների աշխատավարձերից՝ դա փաստ է, որ չի բավարարում: Միեւնույն ժամանակ մենք պետք է կարողանանք համադրել մեր հնարավորություններն այն խնդիրների հետ, որոնք կան հանրապետությունում: Այն մարդիկ, որոնք աշխատում են այդ ոլորտում, իրենց նվիրվածությունը, ի վերուստ տրված նաեւ գաղափարական այդ մոտեցումը մի տեսակ եւ արդարացնում է, եւ տալիս է մեզ այդ հնարավորությունը, որ կարողանանք մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնել: Գիտնականը, մանկավարժը..ինձ համար նրանք ոչ միայն մասնագետներ են, որոնք կրթվել են ու ստացել մասնագիտություն, նրանք ներքին նվիրվածություն պետք է ունենան:

–        Այսինքն՝ պիտի բարեգործական հիմունքներո՞վ աշխատեն:

–        Ոչ: Անշուշտ, ես վստահ եմ, որ 2014-ից այդ խնդրին վերանայում կլինի միանշանակ: Կարծում եմ, որ 2014-ին կվերանայվի այն խնդիրները, որոնք այսօր առկա են հատկապես կրթության ոլորտում: Դրանք իրենց լուծումները կստանան:

–        Ինչո՞ւ հենց 2014-ին, ի՞նչ եք սպասում այդ թվականից:

–        Մի շարք նախադրյալներ, միջոցառումներ, որոնք այսօր մենք տեսնում ենք, կարծում եմ՝2014-ին դրա ռեալ պատկերը կամ արտացոլումը կստանանք:

– Արդյոք սա փափուկ բարձ չի՞ ՝ գիտնականների համար:

–        Մենք դեռ ընտրություններ ունենք: Եթե փափուկ բարձ լիներ, ընտրություններից առաջ ավելի հեշտ կլիներ փափուկ բարձ դնել:

– Եթե ինչ-որ հարց լուծվի՝ ընտրություններից առաջ պիտի լուծվի: Ընտրություններից հետո հաստատ չի լուծվելու:

–        Ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ մեր քայլերը, մեր գործողությունները երբեք չեն պայմանավորվել ընտրություններին փափուկ բարձ դնելով ինչ-որ մեկի գլխի տակ: Եթե 2014-ին սպասվում է աշխատավարձերի բարձրացում, քաղաքական հարցը տեսնում եմ, ապա կարող էինք ձեր հարցադրման տրամաբանությամբ 2013-ին այդ ամեն ինչը անել եւ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ գնալ ընտրությունների: Բայց մենք մեր ժողովրդի, մեր բյուջեի հնարավորությունից ելնելով՝ ասում ենք՝ 2014-ին:

–        Գիտե՞ք, որ այսօր ակադեմիայի գիտաշխատողը երկու անգամ ավելի քիչ է վարձատրվում, քան ուսուցիչներինը: Էլ ինչո՞վ է այն գերակա ոլորտ:

–        Ես չեմ ուզում շատ շահարկել պատերազմող իրավիճակը, բայց մենք ռեալ պետք է մտածենք, որ ՀՀ-ն որպես ԼՂՀ երաշխավոր, այսօր ռեալ պատերազմական իրավիճակի մեջ է՝ իր բոլոր դրսեւորումներով: Նաեւ Արցախի խնդիրը: Եթե կանգնած է զինվորը եւ հետեւում բնակչություն չկա, այդ զիվորի կանգնելը նշանակություն չունի: Մենք պահում ենք Արցախը՝ բոլոր առումներով:

–        Իսկ դուք, որպես պատգամավոր, պատրաստվո՞ւմ եք առաջարկով հանդես գալ, պահանջել, որ գիտաշխատեղների աշխատավարձը բարձրացնեն գոնե միջինի չափ:

–        Անկեղծ ասած, իմ անձնական ընկեր Արմեն Աշոտյանը, որի հետ երկար ճանապարհ ենք անցել, այնքան ջանադիր եւ այնքան մանրակրկիտ է այդ ամենին վերաբերվում, որ ես հասկանում եմ, որ նրան հուշելու, ուղղություն ցույց տալու տեղը շատ քիչ է: Ինքը գիտի, տեսնում է, կառավարության առջեւ այդ խնդիրերը բարձրացնում է: Բայց որեւէ տեղ չկա, որ հուշենք նախարարին: Մի փոքր հնարավորություների խնդիր է: Մի ընտանիքի մեջ ենք, մենք բոլորս գիտենք մեր ընտանիքի բյուջեն որքան է: Բոլորս գիտենք՝ որ ծախսերն են առաջնային: Բայց դա չի նշանակում, որ գիտության ոլորտը պետք է լինի երկրորդային:

–        Այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցիք գերակա ոլորտ: Եվրոպական մի շարք երկրներում ոչ ոք չի ասում, որ գիտությունը գերակա ոլորտ է, բայց այնտեղ ՀՆԱ-ի 4-5 տոկոսը տալիս են գիտությանը:

–        Տարիներ շարունակ մեր լեզուն, մեր խոսքը, մեր գիտությունն է, որ մեզ պահել է: Այսօր էլ դա է մեզ պահում՝ բոլոր առումներով:

–        Խոսքը հսկայական գումարի մասին չէ, գոնե բարձրացվի ակադեմիայի գիտաշխատողների աշխատավարձը, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենը մոտ 400 մլն դրամ:

–        Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են գիտությանը: Միգուցե բիզնես ոլորտում դրսեւորեին, ֆինանսական առումով ավելի լավ լիներ: Բայց մենք իրենց տեսակը, իրենց կերպարը պատկերացնում ենք հենց այդպես, որ մեր գիտության մեջ աշխատում են: Ես մռածում եմ, գուցե ընթացքում էլ ինչ-որ խնդիրներ լուծվեն, բայց այս պարագայում այն, ինչ ներկայացվել է, դա մաքսիմումն է՝ հնարավորությունների առումով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930