Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային փորձագետ. «Գրահենությունն» անբուժելի հիվանդություն է դարձել

Նոյեմբեր 07,2012 13:21

Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում մեկնարկեց հեղինակային և հրատարակչական իրավունքների պաշտպանության արդի խնդիրներին նվիրված երկօրյա միջազգային սեմինարը, որը կազմակերպել է «Գրքի հարթակ» նախագիծը, Հրատարակիչների միջազգային ասոցիացիան եւ Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան:

Սեմինարն անցկացվում է Թարգմանիչների եւ հրատարակիչների 6-րդ միջազգային ֆորումի, «Երեւանը գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Սեմինարի նպատակն է` շեշտել Հայաստանում եւ աշխարհում սոցիալական, մշակութային եւ տնտեսական զարգացման գործում հեղինակային իրավունքի կարեւորությունը:

Oxford Brookers համալսարանի խորհրդատու, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Ռիչարդ Բալկվիլլը, ով տարիներ շարունակ աշխատել է միջազգային իրավունքի մասնագետների հետ, խոսեց միջազգային մակարդակով հեղինակային իրավունքի դերի եւ նշանակության մասին:

Նա հայտնեց, որ Անգլիայից է. «Մեր մտավոր ինդուստրիան տարեկան 24 միլիարդ ֆունտ է աշխատում պետության համար: Դա մշակութային հարստություն է եւ օրենքի վերահսկման արդյունք է համարվում: Սակայն այլ է խնդիրը, երբ հեղինակային իրավունքը սահմանափակում կամ օգնում է զարգացնել հեղինակներին»:

Մասնագետն ասաց, որ հեղինակային իրավունքի արժեքը հրատարակչական իրավունքների պաշտպանությունն է. «Հեղինակների իրավունքներն առավել կարեւոր են, քան հրատարակիչների, քանի որ հեղինակներն են համարվում նյութերի հիմնական սեփականատերերը: Հրատարակչական գործի վտանգը կայանում է նրանում, որ կարող է կարդացողի եւ հեղինակի միջեւ, այսպես կոչված, միջնորդ` «գրահեն» հանդես գալ, իսկ հրատարակչական գործի խնդիրն է` ամրապնդել հեղինակային գործի արժեքը»:

Բալկվիլլը փաստեց, որ հեղինակային իրավունքների պաշտպանությունը միջազգային խնդիր է. «Մարդիկ կարծում են, որ համացանցից հեշտությամբ ինֆորմացիան յուրացնելով` կարող են չվճարել դրա համար, մինչդեռ այդ կերպ խախտում են հեղինակային իրավունքները: Մարդկանց դժվար է ամեն օր վերահսկել: «Գրահենությունն» այսօր անբուժելի հիվանդություն է դարձել եւ դրանով շատերն են տառապում: Դա ազգային հիվանդություն չէ, այլ` համաշխարհային»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930