
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների` մանկապարտեզների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխատակիցները 3 ամիս շարունակ աշխատավարձ չէին ստացել, և ինչպես նեղսրտում էր Սամվել Բալասանյանը, Վարդան Ղուկասյանը նրանց աշխատավարձ տալու փոխարեն կառավարությունից ստացած դոտացիան ուղղորդել է Ղուկասյանի որդուն պատկանող «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ին, որն իբրև զբաղվել է քաղաքի ասֆալտապատմամբ:
Սամվել Բալասանյանի բողոքից հետո կառավարությունը 143 միլիոն 588 հազար 800 դրամ դոտացիա ուղարկեց քաղաքապետարան, որի արդյունքում վճարվեց աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը ու նաև սեպտեմբերի մի մասը:
Այսօր Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նոր դոտացիա է փոխանցելու աշխատավարձերի պարտքերը փակելու համար, բացի այդ քաղաքապետարանը հավաքագրել է 43 միլիոն դրամ, որից 21-ն ուղղվել է աշխատավարձերի փակմանը:
Կարդացեք նաև
Կառավարական դոտացիայից զատ, գրեթե զրոյական բյուջեի վրա նստած Սամվել Բալասանյանը սկսել է բավականին խորամանկ քաղաքականություն վարել. նա անվճար աշխատեցնում է վարդանիկական կադրերին` իհարկե փոխարենը քաղաքապետարանում թեթևակի պաշտոններ առաջարկելով: Օրինակ` Գյումրու համաքաղաքային աղբանոց տանող ճանապարհը վերանորոգում են ավագանու նախկին անդամ Չուրբար Զաքարյանի տեխնիկայի հաշվին, և գյումրեցիները որքան էլ քննադատեն պարոն Բալասանյանին` նրան պաշտոն տալու համար, միևնույնն է, քաղաքապետը ավագանու այս անդամին կոմունալ բաժնի պետի տեղակալի պաշտոնն է առաջարկել:
Նշենք, որ վերոհիշյալ անձնավորությունը անչափ մոտ էր Վարդան Ղուկասյանի հետ, մշտապես պատվերներ էր ստանում համայնքային բյուջեից, հարկ եղած դեպքում ձրի աշխատում էր նախկին քաղաքապետի համար: Այժմ էլ, փաստորեն, նույն ձևով սկսել է աշխատել Սամվել Բալասանյանի համար:
Նշենք, որ ամենավատ վիճակում գտնվում է քաղաքապետարանի կոմունալ բաժինը. այն ունի 82 միլիոն 637 հազար դրամ պարտք:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































