
Մինչ նոր տարին իրենց տանը դիմավորել պատրաստվող քաղաքացիները շուկաներում եւ խանութներում սթրեսների են ենթարկվում, Հայաստանի կուրորտային քաղաքներում, հատկապես Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Աղվերանում արդեն կան հյուրանոցային համալիրներ, որտեղ ցանկության դեմքում այլեւս հնարավոր չէ գրանցվել ամանորի գիշերն ու տոնական օրերն անցկացնելու համար։ Դրանց համարները, ինչպես մեր զրույցում հայտնում էին մենեջերները, նոյեմբերի կեսից պատվիրված են։ Օրինակ, Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցային համալիրի բոլոր համարներն արդեն վաճառված են։ Այստեղ 2 անձի համար 6-օրյա փաթեթն արժե 720 հազար դրամ։ «Ալիք» հյուրանոցային համալիրում 2 անձի համար մեկ շաբաթը արժե 300 հազար դրամ, եւ ինչպես մեզ փոխանցեցին երեկ, նույնպես տեղ չկա գրանցվելու համար։ Ծաղկաձորի «Մուլտի ՌեսթՀաուս» հյուրանոցային համալիրում 6 օրն արժե 720 հազար դրամ, ապա Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում 2 անձի գինը 480 հազար դրամ է. ի տարբերություն նախորդ երկուսի՝ այստեղ համարների միայն 50 տոկոսն է առայժմ զբաղված։ «Երկու տարի առաջ այս օրերին արդեն բոլոր փաթեթները վաճառված էին, այս տարի վատ է վաճառվում»,- մեզ հետ զրույցում ասաց «Արթուրս»-ի տնօրենը։ Աղվերանի «ՄԳԵ» հյուրանոցային համալիրում գները տատանվում են 300-ից 320 հազարի սահմաններում, եւ կրկին բոլոր փաթեթները վաճառված են։ Ջերմուկում գտնվող «Վերոնա» հանգստյան տան 5 օրվա փաթեթի արժեքը 400 հազար դրամ է, այստեղ նույնպես գրանցվելու համար այլեւս տեղ չկա։
Երեւանցիների մի մասն էլ պատրաստվում է 2013 թվականը դիմավորել ռեստորաններում։ Երեւանյան տարբեր ռեստորաններ տարբեր գնային քաղաքականություն են վարում, օրինակ՝ «Բելաջիո»-ում մուտքը մեկ անձի համար արժե 45 հազար դրամ։ Տոնական միջոցառումն այստեղ վարելու է Վիտամին ակումբի Տիգրանը. ելույթ են ունենալու Մարտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանը, Աննա Խաչատրյանը եւ այլք։ «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում մուտքը մեկ անձի համար 20 հազար դրամ արժե։ «Փարվանա»-ում մեկ անձի մուտքը 10 հազար դրամ կլինի, եւ 25 հազար դրամ՝ ռեստորանի առաջարկած ճաշացանկով։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»


















































