Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի թիվ 6 դպրոցում ջրծաղիկի համաճարակ չկա

Նոյեմբեր 27,2012 17:45

Հրազդանի թիվ 6 դպրոցում, օրերս ջրծաղիկով հիվանդ երեխաների 8 դեպք էր գրանցվել, ինչը  բնակիչների շրջանում խուճապ էր առաջացրել: Այսօր առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ այդ դպրոցում «համաճարակ» չկա:

Ըստ նախարարության պատասխանատուների, ձմռան-գարնան ամիսներին  հանրապետությունում նկատվում է ջրծաղիկի սեզոնային բարձրացում, քանի որ այն օդակաթիլային վարակ է. «Ներկայումս ջրծաղիկի առանձին դեպքեր են արձանագրվում, սակայն ձեռնարկված վերահսկման միջոցառումների շնորհիվ դրանք համաճարակային բռնկման չեն վերածվում: Մանկական կազմակերպություններում տեղային բռնկումներ չեն արձանագրվել, այլ դիտվում են հատուկենտ դեպքեր: Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղիկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները փաստում են, որ 2012թ-ին հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության մակարդակը ցածր է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ»:

Ըստ նույն աղբյուրի, ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող, բարձր վարակելիությամբ հիվանդություն է եւ տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչեւ 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` վաղ մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետեւանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի եւ հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթեւ, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր: Սկզբում դիտվում է 1 օր տեւողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: Հիվանդը վարակիչ է մինչեւ վերջին կեղեւի ընկնելը: Կեղեւները թափվում են 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաեւ ոչ բնորոշ ախտանշաններով` անցան ձեւեր:

Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում։ Միայն շատ փոքր տոկոսի դեպքերում, իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` մաշկային բորբոքումներ, հազվադեպ` ջրծաղիկային թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ և այլն: Ծանր է ընթանում նաև բնածին ջրծաղիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930