
Այս ծեծկռտուքի մասին տարատեսակ լեգենդներ են հյուսվել Կոմիտաս թաղամասում։ Տեղացիները պատմում են, որ հարեւանների միջեւ միջադեպը ծագել է դիտողությունից։ Նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրն է եղել, մինչեւ լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարեւաններին պարտադրելով ողջ գրշեր «մասնակից» լինել ընտանեկան, խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարեւանը համարձակվել է բարձրանալ վերեւ ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Այս հորդորը անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։ Ով է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ «ռազբորկան» շարունակելու։
Միջանցքում բարձրացված աղմուկից դուրս է եկել նաեւ Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Սկսվել է տուրուդմփոց:
Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետեւանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, եւ նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Քանի որ տեղեկություններ ստացանք ուշ երեկոյան, մեզ չհաջողվեց գտնել կողմերին ու անձամբ իրենցից պարզել միջադեպի պատճառը։ Սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ Հայկազ Խաչատրյանն իսկապես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկուհիներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ «հիվանդի վիճակը գնահատվում է ծանր»։
Իսկ որտեղ է գտնվում «քեֆչի Հասանը», ով հարեւանին ուղարկել էր վերակենդանացման բաժանմունք։ Պարզվում է՝ ազատության մեջ է, քանի որ փաստի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից կցկտուր հաստատեցին, որ միջադեպ է տեղի ունեցել նշված հասցեում։ Այլ մանրամասներ խոստացան հայտնել ավելի ուշ։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»


















































