
Արցախցի տղաների մի մասը վարչապետի լավատեսությունը չի ընդունում
Վլադիսլավ Մուսայելյանը, որ բարձրագույն կրթություն ունի եւ ծառայել է բանակում, այժմ ուզում է սեփական բիզնես հիմնել` խանութ դնել. «Փորձում եմ` չի ստացվում, ավելի շուտ` չեն թողնում: Նալոգները շատ են` երկու ջահել ենք, ես 26 տարեկան եմ, ընկերս` 23: 3 մլն դրամ է պետք սկզբի համար: Երեւանից ապրանքը բերում ենք` նախ տամոժնի է դրած, այդպես էլ չեմ հասկանում, որ նույն պետությունն է` ինչի՞ է տամոժնյա դրած: Ստեղից էլ Հայաստան է տամոժնի դրած` համարյա 10 տոկոս պիտի տաս պետությանը»: Հաշվեց` 10 տոկոս` «տամոժնի» (մաքսատուրքը նկատի ոունի – Մ. Խ.), 10 տոկոս լույսի-ջրի, խանութի վարձ, 10 տոկոս աշխատողի հարկ, առյուծի բաժին`աշխատավարձ, ձախ վճարումներ. «Տակը բան չի մնում», ասաց: Համոզված էր. «Ռուսաստան գնամ` էդքան որ չարչարվեմ, մի բան դուրս կգա»:
Ասացի` ի՞նչ փոխվի, որ մնաս: Ասաց` «Տամոժնին որ հանեն` կմնամ»:
Կարդացեք նաև
Վլադիսլավն ասում էր, թե պատերազմից ապահովագրված չէ Արցախը, եւ հատկապես եթե հարցը լուծվելու է` այդ դեպքում որոշ ժամանակ պատերազմական գործողություններն անխուսափելի կլինեն, սակայն եթե այսպես մնա` չլուծված, դա շատ երկար կարող է շարունակվել: Արցախի ապագան նա նույնպես անկախ է պատկերացնում:
Նրա այն ընկերը, որի հետ ուզում է սեփական գործ բացել, Նաիրի Բաբայանը, Արցախի պետական համալսարանի «Տրանսպորտային ուղիների միջոցների կառավարում եւ շահագործում» բաժնում է սովորում: Սակայն նա Վլադիսլավի նման կտրական չէ ու Ղարաբաղում ապրելու լավ կամ վատ լինելը մարդուց կախված բան էր համարում: Պետք է փորձել, հարմարվել, միանգամից ոչինչ չի լինում:
Նրա կարծիքովՙ Ադրբեջանը եթե վստահ լինի իր ուժերին` կկռվի, եթե չի կռվում, ուրեմն վստահ չէ. «Մենք պետք է մեր ուժերի վրա դնենք հույսը` Ռուսաստանի կամ այլ պետության հետ հույս կապել պետք չէ, մեր երկիրը մենք պետք է պաշտպանենք, զարգացնենք», ասաց Նաիրին:
Արցախցի տղաների հետ մեր զրույցը ստացվեց ակամա, նրանք անգամ չիմացան, որ «Ազգի» թղթակցի հետ են զրուցում: Այնպես որ նրանց անկեղծությունը պետք է գնահատել, ու միգուցե Արցախի վերին օղակները նրանց, որպես մտածող երիտասարդների, ներառեն ինչ-որ ծրագրերում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»


















































