Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանը` Էդիկ Մինասյանի գրքի մասին. Պատմությունը պետք է անկողմնակալ ներկայացնել

Նոյեմբեր 30,2012 18:08

Այսօր «Հայելի» ակումբում գրականագետ Դավիթ Գասպարյանը և լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը խոսեցին ԵՊՀ պատմության ֆակուկտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած բուհական դասագրքից, որում ներառված են նաեւ «Մարտի 1»-յան դեպքերը:

«Չորս տարի առաջ տեղի ունեցածը դեռեւս թարմ է ժողովրդի հիշողության մեջ: Այն մարդիկ, ովքեր մասնակիցը կամ ականատեսն են եղել «Մարտի 1»-ին, դասագրքում ներառվածի վերաբերյալ, բնականաբար, տարբեր գնահատականներ կտան: Այնուամենայնիվ, պետք չէր բուհական դասագրքում ներառել իշխանությունների տեսակետը: Անհրաժեշտ էր ներկայացնել ժամանակագրությունը` ընտրությունների օրը, բախումները եւ վերջ, ոչ թե` չճշտված կարծիքներ: Պատմությունը պետք է անկողմնակալ լինի` գնահատականը թողնելով ընթերցողին: Ինչ վերաբերում է դասագրքի վավերացմանը, ամբիոնի որոշումն էլ բավական էր դրա համար»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: Նա նշեց, որ լավ դասագիրքը կարելի է օգտագործել` անկախ ԿԳՆ-ի թույլտվությունից. «Անգամ Սփյուռքում տպված դասագրքրեր կան, որոնք լավն են եւ կիրառելի. օրինակ` գրաբարի ձեռնարկները»:

Դավիթ Գասպարյանի խոսքով. «Պատմական փաստերը պետք է ներկայացնել առանց վերաբերմունքի եւ փոփոխությունների: Այն, որ մարտի 1-ին բախումներ են եղել` փաստ է եւ այդպես էլ պետք է ներկայացվի, իսկ հետեւությունները պետք է ուսանողներն անեն եւ քննարկեն: Նրանց մոտեցումը կարծիքների բախումից կարող է փոխվել: Առհասարակ, մարդը կարող է կուսակցական լինել, բայց դասագրքում անկողմնակալ կարծիք ներկայացնել»:

Գասպարյանը կարծում է, որ դասագրքերի հարցում ընտրության հնարավորություն է անհրաժեշտ. «Կողքից այլ գրքեր էլ պետք է լինեն, որ ցույց տան կիրառության մեջ դրված գրքի լավն ու վատը»:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Հայոց պատմության բուհական դասագրքի հեղինակ Էդիկ Մինասյանն ասել էր. «Ես օբյեկտիվ եմ ներկայացրել փաստերը, իմ ձեռքի տակ կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կա ԱԺ-ի հանձնաժողովի մանրամասն քննության արդյունքների եզրակացությունը, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ընդդիմադիր եւ պաշտոնական մամուլի տեսակետները եւ այլն: Ես փաստերի հիման վրա եմ ներկայացրել ամեն ինչ: Այն, որ տեքստը կտրատում են ու միայն իրենց հարմար բաներ ներկայացնում, դա չի նշանակում, թե ես սուբյեկտիվ եմ գտնվել: Խորհուրդ կտամ ամբողջությամբ կարդալ գիրքը: Ես գրել եմ, որ երկուստեք մեղավոր են՝ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը: Վերջում նաեւ նշել եմ, թե դա ինչ ազդեցություն ունեցավ մեր միջազգային հեղինակության ու վարկի վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930