Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական տեսչության աշխատակիցները ոչ մի ծառահատում չեն տեսել

Դեկտեմբեր 09,2012 14:56

Դեկտեմբերի 6-ին Տավուշի մարզպետարանում կայացավ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած « Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը ՀՀ Տավուշի մարզում» միջոցառումը: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը ելույթ ունենալով՝ նշեց, որ մարզի դատախազությունը «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության մասնաճյուղերում՝ Նոյեմբերյանի, Իջեւանի, Սեւքարի, Արծվաբերդի անտառտնտեսություններում, բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, ինչպես նաեւ բնապահպանական պետական տեսչության Տավուշի բաժնում ուսումնասիրել է Տավուշի մարզի անտառային ֆոնդի տարածքում 2012թ. առաջին կիսամյակում ապօրինի ծառահատումների վերաբերյալ ձեռնարկված աշխատանքների վիճակը: Արդյունքում պարզվել է , որ այդ հիմնարկների կողմից իսկ իրականացված 2012թ. գարնանային ստուգումների արդյունքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ կազմվել է ընդամենը 30 արձանագրություն՝ ապօրինի հատված 90 ծառի համար: Դատախազն ասաց, որ սա չի խոսում ապօրինի անտառահատումների իրական վիճակի մասին, քանի որ մարզի անտառամերձ գյուղերը գազաֆիկացված չեն եւ վառելափայտ են օգտագործում տարվա բոլոր եղանակներին:

Իսկ բնապահպանական նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի բաժնի աշխատակիցների կողմից, ովքեր ի պաշտոնե պարտավոր են բացահայտելու ապօրինի անտառահատումները, կատարված ստուգումներով 2012 թվականի առաջին կիսամյակում ապօրինի անտառահատման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, այն դեպքում, երբ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 25 դեպք, 123.2 խորանարդ մետր փայտի ապօրինի դուրս բերման փաստ է արձանագրվել:

«Դիլիջան»» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ 2012 թվականի ընթացքում ազգային պարկի տարածքում իրենց կողմից հայտնաբերել է ապօրինի անտառահատման 31 դեպք՝ 115 ծառի հատման կապակցությամբ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31