
Aravot.am-ը Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ո՞ր դաշտում է ակտիվ՝ ժողովրդի՞ հետ շփումներում, ամբիոններում, թե՞ակումբներու՞ւմ՝ նա պատասխանեց. «Առաքել Մովսիսյանը մի յուրահատուկ տեսակ է, որը ե՛ւ կռվել է եւ հատուկ ոճ ունի ժողովրդի հետ շփվելու»: Մեր հարցին, բայց շփվո՞ւմ է ժողովրդի հետ եւ ո՞ր ժողովրդի հետ է շփվում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, իր տարածքի ժողովրդի: Ինչպես ինքն է նշում՝ իր տան դարպասները երբեւէ փակ չի: Առաքել Մովսիսյանը, որն իր տարածքում, ասենք՝ Փարաքարի շրջանում խնդիր գիտի՝ դպրոցի հետ, կգա կբանակցի խմբակցության ղեկավարի հետ, մեր հետ, կնստենք կխոսենք, այնուհետեւ վարչապետին 2-3 անգամ ասելով՝ կփորձի որեւէ միջամտություն, որպեսզի դպրոցի տանիք վերանորոգվի եւ այլն, եւ այլն: Ունի լավ, մեծ ընկերական շրջապատ դուրսը, ովքեր որոշակի հեղինակություն ունեն, գումար, կարողություն: Կխնդրի, կբերի կվերանորոգեն դպրոցի ենթադրենք տանիքը, ջեռուցումը»:
Մեր դիտարկմանը, որ դա առանց պատգամավոր դառնալու էլ կաներ՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ եթե այդպես նայելու լինենք՝ առանց պատգամավոր դանալու էլ հնարավոր է օրենք գրել ու անցկացնել: Զարմանալի էր հատկապես պարոն Սահակյանի այն պնդումը, թե Առաքել Մովսիսյանի տան դարպասները միշտ բաց են ժողովրդի առաջ: Հարցին՝ անգամ նրա աշխատասենյակի դուռն է մշտապես փակ լրագրողների առաջ, ինչպե՞ս կարող են տան դարպասները բաց լինել, նա պատասխանեց. «Միգուցե օգնականն է ուշ գալիս: Անկեղծ ասած, իմ կարծիքը Առաքել Մովսիսյանի մասին բավականին բարձր է, որպես հայրենասեր հայ մարդ, բավականին մեծ հեղինակություն ունի իր տարածքում՝ որպես լավ մարդ, որպես ժողովրդի կողքին կանգնած պատգամավոր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































